ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, չնայած խիտ օրակարգին և այլ պետությունների ղեկավարների հետ առկա բազմաթիվ հանդիպումներին, իրեն լավ է զգում: Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Ամեն ինչ լավ է»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների մտահոգությանը ՌԴ նախագահի առողջական վիճակի մասին։
Լրագրողները նկատել էին, որ Վլադիմիր Պուտինը թեթակի հազում էր Գիտության և կրթության խորհրդի նիստի ժամանակ:
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Պուտինը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Բանակցություններն ընթացել են Կրեմլում և շարունակվել շուրջ հինգ ժամ։
Մինչ այդ Պուտինը մասնակցել է Պեկինի օլիմպիական խաղերի բացման արարողությանը և հանդիպել ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի հետ: Փետրվարի սկզբին Ռուսաստանի նախագահը հանդիպումներ է ունեցել նաև Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ: