ՌԱԴԻՈ

Հրանտ Եղիազարյան. «Մասնավորեցվելուց հետո ավտոկայաններն ավելի արդյունավետ կաշխատեն»

Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն անդրադարձել է կառավարության մտադրությանը՝ «Ավտոկայան» ՓԲԸ-ն կոնցեսիոն կառավարման հանձնելու վերաբերյալ։
Sputnik
Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը համարում է, որ ավտոկայանները կոնցեսիոն կառավարման հանձնելու` կառավարության մտադրությունը տեղին է։ Եղիազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ մասնավոր հատվածն ավելի արդյունավետ կիրականացնի ավտոկայանների կառավարումը։
«Ավտոկայաններն այսօր գտնվում են կիսաանտեր վիճակում, իսկ շահույթ հետապնդելու փաստը մասնավորին կշահագրգռի ավելի ճիշտ կառավարել այդ ոլորտը, այնպես որ անհանգստանալու կարիք չկա»,-նշում է Ուղևորափոխադրողների միության նախագահը։
Միևնույն ժամանակ, Հրանտ Եղիազարյանը ենթադրում է, որ ավտոկայանները մասնավորին հանձնելու դեպքում ուղեվարձը կթանկանա։
«Ուղեվարձի թանկացումն անխուսափելի է, քանի որ երկար տարիներ միջմարզային ուղևորափոխադրումների արժեքը շատ չի փոփոխվել»,-նկատում է Ուղևորափոխադրողների միության նախագահը։
Հիշեցնենք` կառավարությունը մտադիր է «Ավտոկայան» ՓԲԸ-ն հանձնել կոնցեսիոն կառավարման։ Բացի Կենտրոնական ու Հյուսիսային երկու մեծ ավտոկայաններից՝ Երևանում կա երթակարգավորման ևս 6 կետ։
Իշխանությունները նախատեսում են փակել դրանք ու կարգավորման գործընթացը կենտրոնացնել ավտոկայաններում։
Ուղևորափոխադրողներն աշխատում են առանց գրանցվելու ու ավտոկայանին չեն վճարում
Ազգային ժողովի նիստում ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը հայտնել է, որ այժմ քննարկվում է «Ավտոկայան» ՓԲԸ-ի անցումը կոնցեսիոն կառավարման, որը ենթադրում է կապիտալ ներդրումներ առաջին 2 տարում` 15-20 մլն դոլարի չափով։ Նշենք, որ «Ավտոկայան» ՓԲԸ–ն 100 տոկոս պետական բաժնեմասով ընկերություն է։