Երևանը և Լոռին առաջատարն են. խնամատար ընտանիք դառնալու համար շատերն են հերթագրվել

SOS մանկական գյուղ
Խնամատար ընտանիքների միջոցով հնարավորություն կա երեխաների խնամքն իրականացնել ոչ թե շուրջօրյա խնամքի հաստատություններում, այլ ընտանիքներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Խնամատար ընտանիքներում երեխայի խնամքը կազմակերպելու դեպքերն ավելացել են. 2021-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ` 88 երեխայի խնամք կազմակերպվել է 61 խնամատար ընտանիքում։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս տեղեկությունը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանը։

«2020-ին 54 խնամատար ընտանիքներում խնամք է ստացել 78 երեխա։ Սա նշանակում է, որ այդ պահին երեխաները, հնարավորություն չունենալով կենսաբանական ընտանիքների հետ վերամիավորվելու, այնտեղ խնամք ստանալու, կարողացել են այդ ամենը ստանալ խնամատար ընտանիքներում»,–ասաց Հովհաննիսյանը։

Խնամատար ընտանիքների միջոցով հնարավորություն կա երեխաների խնամքն իրականացնել ոչ թե շուրջօրյա խնամքի հաստատություններում, այլ ընտանիքներում։ Հովհաննիսյանը նշեց նաև, որ այս պահին ՀՀ միայն մեկ մարզում` Վայոց Ձորում է, որ չունեն խնամատար ընտանիք։ Հակառակ դրան, Լոռու մարզում և Երևանում մեծ ակտիվություն կա` մի շարք ծնողներ են գրանցվել դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքը ստանձնելու համար։
Հովհաննիսյանը հայտնեց, որ կան ընտանիքներ, որոնք մեկից ավելի երեխաների խնամք են իրականացնում։
«Այս պահին «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծն է մշակվում։ Գործող օրենսդրությամբ` խնամատար ծնողի տարիքը 55 տարեկանից բարձր չպետք է լինի, սակայն առաջարկում ենք այն դարձնել 65 տարեկան։ Մի շարք անձինք դիմում են, որ խնամատար ընտանիք լինեն, սակայն տարիքային շեմը չի համապատասխանում, ինչի համար էլ փոփոխություն ենք նախատեսում»,–ասաց Հովհաննիսյանը։
Մութ պատմություն. մանկապարտեզում երեխային խոշտանգե՞լ են, թե երկրից գնալու խնդիր է լուծվում
Նա հայտնեց նաև, որ, ցավոք, խնամատար ընտանիքների հետ աշխատանքում լինում են նաև չհաջողված դեպքեր, երբ երեխայի և խնամատար ընտանիքի կապն այդպես էլ չի ստացվում։ Սակայն նման դեպքերը 3-4 տարիների ընթացքում 1-2-ից ավելի չեն եղել։
Հովհաննիսյանը հավելեց, որ գործող ցերեկային 6 կենտրոններում տարեկան 600 երեխայի խնամք է իրականացվում։