ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik․ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն քննարկել են հայ-թուրքական հարաբերություններն ու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտը։
«Պետքարտուղար Բլինկենը և արտգործնախարար Չավուշօղլուն քննարկել են Ուկրաինայի դեմ նոր ռուսական էսկալացիայի և ագրեսիայի սպառնալիքի դեմ ՆԱՏՕ - ի հետագա համակարգման ուղիները և միասնությունը»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ։
Բլինկենն ընդգծել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շփումները՝ ի աջակցություն խնդրի դիվանագիտական կարգավորման։
«Երկու ղեկավարները քննարկել են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև լրացուցիչ միջոցները, որոնք կարող է ձեռնարկել ԱՄՆ-ն՝ այդ ջանքերին աջակցելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ զրուցակիցները քննարկել են նաև ամերիկա-թուրքական երկկողմ ամուր հարաբերությունների պահպանման հնարավորությունները։