Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBA, WBC, WBO և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանն իր բազմաթիվ հաղթանակների գաղտնիքն է բացահայտել, նաև խոսել է կրած մեկ պարտության մասին։ Զրուցել է Խաչիկ Չախոյանը։
-Վիկ, շատ հաճախ լսում ենք, որ պրոֆեսիոնալ ռինգում ավելի հեշտ հաջողության են հասնում սիրողական բռնցքամարտում մեծ փորձ կուտակած բռնցքամարտիկները։ Ըստ քեզ, դա այնպե՞ս է։
-Չէի ասի, որ այդպես է։ Սիրողական բռնցքամարտում մարզիկն ավելի շատ մենամարտեր է անցկացնում։ Յուրաքանչյուր մրցաշարում մի քանի օրվա տարբերությամբ կարող է 3-4 մենամարտ ունենալ։ Իսկ պրոֆեսիոնալ բռնցքամարտում մեկ մենամարտին կարող է նախապատրաստվես 4 ամիս։ Պրոֆեսիոնալ ռինգում անհամեմատ դժվար է արդյունքի հասնել։ Օլիմպիական չեմպիոն բռնցքամարտիկը կարող է պրոֆեսիոնալ ռինգում ընդհանրապես արդյունքի չհասնի։
Վիկ Դարչինյանն ու Խաչիկ Չախոյանը
© Sputnik / Zara Mika
-2000 թվականին դու տեղափոխվեցիր Ավստրալիա ու սկսեցիր հանդես գալ պրոֆեսիոնալ բռնցքամարտում։ Այն ժամանակ արդեն նպատակ դրե՞լ էիր հասնել բարձր արդյունքների։
-Այո, ինձ նկատեցին Ավստրալիայում, ու երկու ամիսը մեկ ես մենամարտեր էի անցկացնում։ Ընդ որում, շատ ուժեղ մրցակիցների հետ էի մենամարտում։ Երկու տարվա ընթացքում ես գերթեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակում արդեն առաջին համարն էի։ Բայց այդ քաշային կարգի չեմպիոնը անընդհատ հրաժարվում էր ինձ հետ մենամարտել։
Այդ պատճառով տիտղոսային առաջին մենամարտս կայացավ 2004 թվականին (Վիկը հաղթեց մեքսիկացի Իռենե Պաչեկոյին, որը մինչև այդ մենամարտը պարտություն չուներ ու նվաճեց IBF վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը)։ Այդ մենամարտից հետո ես մարտահրավեր էի նետում բոլոր ուժեղագույններին, բայց ինձ հետ մենամարտելուց բոլորը հրաժարվում էին։
-Վիկ, գաղտնիք չէ, որ դու ձախլիկ բռնցքամարտիկ ես։ Շատերի կարծիքով ձախլիկներն անհարմար մրցակից են աջլիկների համար։ Մյուս կողմից էլ, եթե դա այդպես է, ապա բոլոր ձախլիկներն առավելություն կունենան աջլիկ բռնցքամարտիկների նկատմամբ։
-Դա այպդես չէ։ Ձախլիկ կամ աջլիկ լինելն այնքան էլ նշանակություն չունի։ Այ, եթե ձախլիկը լավ ուսումնասիրում է իր աջլիկ մրցակցին ու լավ գիտի նրա ուժեղ և թույլ կողմերը, իհարկե առավելություն ստանում է։ Պարզապես ձախլիկ բռնցքամարտիկներն ավելի քիչ են, նրանք ավելի հաճախ են մենամարտում աջլիկների հետ, դրա համար էլ փորձ են ձեռք բերում։
-Վիկ, իսկ ինչպե՞ս են կազմակերպվում աշխարհի չեմպիոնին որոշող մենամարտերը։
-Նախ դու պետք է լինես քո քաշային կարգում լավագույն տասնյակում։ Բացի այդ դու չես կարող պարտադրել աշխարհի չեմպիոնին քեզ հետ մենամարտել։ Աշխարհի չեմպիոնն է որոշում, թե ում հետ մենամարտի։ Այ, եթե դու դառնում ես թիվ մեկ հավակնորդը, ապա չեմպիոնն արդեն 9 ամսվա ընթացքում պետք է քեզ հետ մենամարտի։ Նույնիսկ այդ դեպքում էլ նա կարող է լավագույն տասնյակից իրեն ավելի հարմար մրցակից ընտրել։ Այնպես որ, հեշտ չէ չեմպիոնի հետ մենամարտ կազմակերպելը։ Չեմպիոն դառնալուց հետո ես միշտ որպես մրցակից ընտրել եմ ուժեղագույններին ու առաջատարներին։ Ես մենամարտել եմ միշտ թիվ մեկ հավակնորդների հետ։ Մենամարտել կամ կռվել եմ աշխարհի չեմպիոն բռնցքամարտիկների հետ։
-Վախթանգ, քո կարիերայի ընթացքում ո՞ր մենամարտը չես մոռանա երբեք։
-Ես հաղթել եմ աշխարհի չեմպիոնի տիտղոսային ինը մենամարտերում, որոնցից յոթում հաղթել եմ աշխարհի չեմպիոնին։ Ու ընդ որում` բոլոր չեմպիոններին հաղթել եմ նոկաուտով։ Նման վիճակագրություն դժվար է գտնել այլ բռնցքամարտիկների մոտ։ Ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ մենամարտն էլ չեմ մոռանա, որում պարտվեցի։ Իմ սխալի հետևանք էր։ Ես ուղղակի լուրջ չընդունեցի Դոներին, լավ չպատրաստվեցի ու պարտվեցի։
Բայց այդ պարտությունից հետո մեկնեցի Ֆիլիպիններ, որտեղ մենամարտեցի Զեթ Գորեսի հետ։ Այդ մենամարտում ես հաղթեցի միանշանակ, բայց մրցավարները ոչ ոքի գրանցեցին։ Գորեսը հայտնվեց հիվանդանոցում ու հետո էլ հրաժարվեց ևս մեկ մենամարտ անցկացնել ինձ հետ։ Ընդհանրապես տիտղոսային որ մենամարտում, որ ես չեմ հաղթել նոկաուտով, մրցավարները, մասնավորապես Don King-ի կամ Oscar De la Hoya-ի բռնցքամարտիկների հետ, հաղթանակը մեկ կամ երկու միավորով տվել են մրցակցին։
-Իսկ ի՞նք պլաններ ունես ապագայի հետ կապված։
-Ես վաղուց եմ ուզում պրոֆեսիոնալ բռնցքամարտի ակումբ հիմնել Երևանում։ Ինձ խաբեցին, 7 տարբեր պատճառներով դա տեղի չունեցավ ավելի շուտ։ Շատ եմ ուզում, որ 5-15 տարեկան բռնցքամարտիկները գան մեր ակումբ ու մտածեն աշխարհի չեմպիոն դառնալու մասին։ Մոտիվացիա կստեղծենք անկասկած։
Վախթանգ Դարչինյանի հետ զրույցում պարզեցինք նաև, որ չի բացառվում նրա ցուցադրական մենամարտը Նյու Յորքում։ Վերջերս Մեդիսոն Սքվեր Գարդենում մենամարտեցին Մայք Թայսոնն ու Ռոյ Ջոնսը։ Նման մենամարտերի շարքում շուտով կարող է լինել նաև Դարչինյանի մասնակցությամբ մենամարտ։