ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik․ Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությունը կանգնեցնելու համար Մայր աթոռը դիմում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, քույր եկեղեցիներին ու կրոնական կառույցներին, միջազգային մասնագիտացված կազմակերպություններին։ Այս մասին տեղեկացնում է Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնը։
Մայր աթոռը խստորեն դատապարտում է Ադրբեջանի մշակույթի նախարարի՝ օրերս արած հայտարարությունը, ըստ որի՝ Ադրբեջանում ձևավորվել է տեղի և արտերկրյա մասնագետներից կազմված «Աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի նպատակն է այսպես կոչված աղվանական կրոնական տաճարներից հեռացնել «հայերի թողած կեղծ հետքերը»:
Մայր աթոռն այս նախաձեռնությունը որակում է որպես հակամարդկային ու հակաքաղաքակրթական գործողություն Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի նկատմամբ՝ շարունակական թշնամանքի ու ատելության ընդգծված դրսևորումներով:
«Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի քրիստոնեական սրբավայրերի հայկական ինքնությունը գիտականորեն հաստատված իրողություն է և չի կարող վիճարկման առարկա դառնալ խելամիտ ու առարկայական մտածողության շրջանակներում»,- նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի մշակույթի նախարարի՝ Ադրբեջանի հսկողության տակ հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին հայտարարությանն արդեն արձագանքել են Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունները։
Ընդգծվում է, որ Բաքվի այս քայլը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցների կիրառման մասին որոշման կոպիտ խախտում է։