Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են քարամշակման կետում աշխատող բանվորների վրա

Ասկերան
Խոշոր տրամաչափի գնդացիրով մի քանի կրակահերթ է արձակվել տրակտորի վերանորոգման աշխատանքներ կատարող մարդկանց ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Արցախի դատախազությունը հայտնում է, որ օրեր առաջ ադրբեջանական մարտական դիրքից կրակել են քարամշակման կետում աշխատող բանվորների վրա։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 5-ին` ժամը 12:00-ի սահմաններում։

«Ասկերանի մերձակայքում գտնվող «Օղտեն մաշկ» կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական դիրքից խոշոր տրամաչափի գնդացիրով մի քանի կրակահերթ է արձակվել Ասկերանի Խրամորթ գյուղի վարչական տարածքում գործող՝ «Ապագա սերունդների հիմնադրամ» ՍՊ ընկերության քարամշակման կետի բանվորներ Գ.Բ.-ի, Ա.Թ.-ի և Ա.Հ.-ի ուղղությամբ։ Նրանք տվյալ պահին տրակտորի վերանորոգման աշխատանքներ էին կատարում»,– նշված է դատախազության հաղորդագրության մեջ։

Կրակոցներից պաշտպանվելու նպատակով, մինչև ոստիկանության աշխատակիցների ժամանելը, վերջիններս շուրջ 2 ժամ ստիպված թաքնված են մնացել։ Այդ ընթացքում նրանք զանգել և դեպքի մասին իրազեկել են իրենց տնօրինությանը: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ԱՀ ոստիկանությունը ձեռնարկում է քրեադատավարական միջոցառումներ:
Արցախում Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության ոչնչացման դեպքերը ծրագրված են. ՀՀ ԱԳՆ