ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Չնայած տուգանքներին, Երևան քաղաքում գործող տրանսպորտային միջոցներում չեն պահպանում հակահամաճարակային կանոնները։ Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նման հայտարարություն արեց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի ներկայացուցիչ Նոնա Հայրապետյանը։
Նա Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ կատարված կրկնակի ստուգայցերի շրջանակում տրանսպորտային միջոցներում կրկին խախտումներ են հայտնաբերվել ու կիրառվել են կրկնակի տուգանքներ։
«Տեսչական մարմնի գերագույն նպատակը տուգանելը չէ, այլ վերահսկողական գործիքը կիրառելու միջոցով արձանագրված խախտումներին լուծումներ տալը։ Մեր բնակչությունն իրավացի է, երբ նշում է QR կոդերի կիրառության նպատակահարմարության մասին այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցներում խնդիրը չի վերանում»,-նշեց Հայրապետյանը և ընդգծեց, որ վարորդներից սկսած դիմակներ չեն դնում, իսկ տրանսպորտային միջոցներում ախտահանիչ լուծույթները բացակայում են։
Իր հերթին քաղաքապետը ևս համաձայնեց, որ խնդիրն առկա է և կրկին «Երևանի ավտոբուս» և «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ներին հրահանգեց լուծումներ գտնել։ Նա իր խիստ դժգոհությունը հայտնեց տրանսպորտային միջոցներում առկա ախտահանիչ լուծույթների տուփերի հիգիենայի մասին։
«Ալկոգելների տուփեր կան` այնքան կեղտոտ են, որ մարդ չի ուզում ձեռք տալ, օգտվել։ Դրանք վերացրեք, մրցույթ հայտարարեք, որ նորմալ տուփեր լինեն ու պարբերանար մաքրեք, թե չէ սկոչով կապված , ծուռ տարաներն ուղղակի սեղմելիս ընկնում են»,-ասաց քաղաքապետը։
Նշենք, որ բնակիչները պարբերաբար բողոքում են, որ տրանսպորտում հակահամաճարակային պայմանները չեն պահպանվում, ուստի այդ ֆոնին նոր սահմանափակումները, QR կոդերի պարտադիր պահանջն ուղղակի տրամաբանական չեն։
Հիշեցնենք` 2022 թվականի հունվարի 22-ից, ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ, հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցներ, մարզադահլիճներ, գրադարաններ, թանգարաններ, թատրոններ, ինչպես նաև մշակութային գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններ մուտքը կթույլատրվի միայն ամբողջությամբ պատվաստված քաղաքացիներին կամ նրանց, ովքեր 72 ժամից ոչ ավելի կատարված ՊՇՌ թեստի բացասական արդյունքների մասին տեղեկանք կտրամադրեն: