Շտապօգնությունում կգրանցվեն բոլոր զանգերը, հետ կզանգեն թեկուզ...2–3 ժամ հետո

Երևանի քաղաքապետը պատասխանատուներին հրահանգեց արագ կարգավորել խնդիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Այսուհետ Երևանի բնակչության արտահիվանդանոցային շտապ օգնություն իրականացնող «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում քաղաքացիների բոլոր զանգերը կգրանցվեն։ Նման հրահանգ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանին տվեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Մենք այդ համակարգը պետք է փոփոխության ենթարկենք։ Բոլոր քաղաքացիների զանգերը պետք է երևան` նույնիսկ եթե հեռախոսագծերը զբաղված են։ Աշխատակիցները պետք է հնարավորություն ունենան թեկուզ 2-3 ժամ անց հետ զանգահարելու։ Մենք բոլոր քաղաքացիներին պետք է պատասխանենք»,-ասաց քաղաքապետը։

Նա հրահանգեց պատասխանատուներին արագ կարգավորել խնդիրը։
Նշենք, որ վերջին ժամանակահատվածում տարբեր հարթակներում մարդիկ իրենց դժգոհությունն էին հայտնում` նշելով, որ անհնար է դարձել «Շտապբուժօգնության» հետ կապ հաստատելը։
«Դժվարությամբ, բայց հասցնում ենք». ինչ գանգատներով են մարդիկ դիմում շտապօգնությանը