Սահմանադրական փոփոխությունները ծայրահեղ անհրաժեշտություն են. Գրիգոր Մինասյան

ՀՀ ՍԴ. Արխիվային լուսանկար
Արդարադատության նորանշանակ փոխնախարարը վստահեցնում է, որ Սահմանադրական բարեփոխումների արդյունքում շատ լավ փաստաթուղթ ենք ստանալու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Սահմանադրական փոփոխությունները ծայրահեղ անհրաժեշտություն են։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց արդարադատության նորանշանակ փոխնախարար Գրիգոր Մինասյանը։

«Իսկ ինչ վերաբերում է կառավարման համակարգի փոփոխությանը, ապա բոլորս պետք է ընդունենք, որ յուրաքանչյուր անցումը ցնցում է պետական համակարգի համար։ Եթե խորհուրդը որոշի, որ նման փոփոխություն պետք է կատարվի, ապա այն շատ հիմնավոր պետք է լինի։ Կարծում եմ` մեր երկրի համար պառլամենտական համակարգը լավ է, սակայն դա պետք է շտկել»,–ասաց Մինասյանը։

Նրա խոսքով` կառավարման առնչությամբ շրջադարձային փոփոխությունները շատ ցավոտ են։ Նշում է, որ Սահմանադրական բարեփոխումների մեխանիզմը լավագույններից է, ուստի պետք է հանգիստ լինենք, որ, ի վերջո, շատ լավ փաստաթուղթ ենք ստանալու` ի տարբերություն այսօրվա մեր ունեցածի։
Հարցին, թե սուպերվարչապետությանը վե՞րջ է տրվելու և վարչապետ Նիկոլ Փաշինյանի լիազորություններն արդյոք նվազելու են` փոխնախարարը պատասխանեց, որ զսպումների ու հակակշիռների մեխանիզմ է լինելու։ Նա հավելեց` բոլոր պատային երևույթները լուծվելու են` հաշվի առնելով ունեցած վատ փորձը։
Պետք է վերանայվի նախագահին առնչվող գլուխը. Մարուքյանը` Սահմանադրությունը փոփոխելու մասին
Հիշեցնենք, որ 2021–ի դեկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր էր ստորագրել 2020 թվականի փետրվարի 12-ին ստեղծված Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը լուծարելու և Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ ստեղծելու մասին։ Փետրվարի 4-ին կայացել էր խորհրդի առաջին նիստը։