Կալիֆոռնիայում Էջմիածնի Սուրբ Հռիփսիմեին նման հայկական եկեղեցի է բացվել

Նոր եկեղեցու տարածքում նախատեսվում է ստեղծել հայկական ժառանգության այգի՝ Թուրքիայում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Կալիֆոռնիայի նահանգի Սան Դիեգո քաղաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Կարմել Վելիում իր դռներն է բացել նոր հայկական եկեղեցին:
Del MarTimes պարբերականը հայտնում է, որ Սուրբ Սարգիս եկեղեցու օծման արարողությունը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին։

«Նոր կառուցված եկեղեցին նախագծվել է այնպես, որ հիշեցնի VII դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին Վաղարշապատում (Էջմիածին)։ Բարձր վիտրաժային պատուհանների վրա Աստվածաշնչի և հայոց պատմության վաղ քրիստոնեական շրջանի տեսարաններ են պատկերված», - գրում է հոդվածի հեղինակ Լինդա Մակինթոշը։

Ինչպես նշել է եկեղեցու օծման կոմիտեի (Church ' s Consecration Committee) համանախագահ Նորա Ջ. Բալիկյանը՝ համայնքին 15 տարի քրտնաջան աշխատանք ու հաստատակամություն էր պետք երազանքն իրականացնելու համար։ Մինչդեռ տաճարը նախատեսված է ոչ միայն հայերի, այլև Սան Դիեգոյի բոլոր հավատացյալների համար։
Սուրբ Սարգիս եկեղեցու 18 ակր մակերեսով տարածքը ներառելու է կրթամշակութային կենտրոն՝ գրադարանով, հանրային դահլիճ, երիտասարդական կենտրոն և մարզադահլիճ։ Այստեղ դասավանդելու են հայոց լեզու երիտասարդների համար, անցկացնելու են նաև համերգներ, փառատոներ և մշակութային այլ միջոցառումներ:
Բացի այդ, տարածքում նախատեսվում է ստեղծել հայկական ժառանգության պուրակ ՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրով։