ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Հայաստանում պետծառայողներին վիրավորելու համար հարուցված քրեական գործերի առնչությամբ Freedom House-ի մտահոգությունները լսելի են։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց արդարադատության նորանշանակ փոխնախարար Գրիգոր Մինասյանը։
Հայտնել էինք, որ Freedom House-ին մտահոգել են Հայաստանում պետծառայողներին վիրավորելու համար հարուցված 260 քրեական գործերը։ Իրավապաշտպան կազմակերպությունը ՀՀ խորհրդարանին կոչ է արել չեղարկել օրենսդրական այդ նորմը։
«Քանի որ բոլորս ականատես եղանք, որ այդ իրավունքի չարաշահում կար մեր երկրում, դրա համար օրենսդրական փոփոխություններ արվեցին։ Եթե ապագայում ինչ–որ փոփոխություններ լինեն, մենք ականատես կլինենք։ Սակայն պետք է հաշվի առնենք, որ կա խնդիր, որը պետք է լուծվեր և սա էր լուծումը, որպեսզի նման դրսևորումներ չլինեին»,–ասաց Մինասյանը։
Հիշեցնենք` 2021 թվականի հուլիսի 30-ին Ազգային ժողովն ընդունեց հայհոյանքը քրեականացնելու մասին նախագիծը, որի համաձայն` հայհոյանքը, անգամ հեռավար պայմաններում (օնլայն), առաջացնում է պատիժ` տուգանքից մինչև կալանք։ Օրենքն ընդունվեց 75 կողմ ձայնով, ձեռնպահ և դեմ քվեարկողներ չկային։
Փետրվարի 3-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում քաղաքացին վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար տուգանվել է 500 հազար դրամով։