ԿԳՄՍ նախարարի մոտեցումը կարելի է գնահատել որպես առաջընթաց քայլ, որովհետև անհրաժեշտ է, որպեսզի պետությունը որոշակի պատվեր իջեցնի բուհերին՝ համարժեք կադրեր պատրաստելու նկատառությամբ, ինչը պետք է բխի տնտեսության պահանջներից, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց կրթական հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը։
«Ուղղակի անհասկանալի է, թե դրա ընթացքն ինչպես են պատկերացնում ոլորտի պատասխանատուները, որովհետև Հայաստանում վաղուց պլանային տնտեսություն չկա, և որևէ մեկը չի կարող երաշխավորել, թե պետպատվերով տեղեր զբաղեցրած անձանցից քանիսը հետագայում կաշխատեն նախընտրելի բնագավառներում։ Մեխանիզմներ ընդհանրապես չկան, չկա ենթաօրենսդրական որևէ ակտ, որը որոշակի առումով կարող է պարտադրանք լինել»,– ասաց կրթական հարցերի փորձագետը։
Մխիթարյանը նշեց, որ փորձագետները վաղուց առաջարկել են, որպեսզի բուհերում պետպատվերով տեղերը լինեն պայմանագրային հիմունքներով, օրինակ` որոշակի գերատեսչություններ, ՏԻՄ–եր, կառավարման մարմիններ տան պատվերներ, որպեսզի մարդիկ բուհն ավարտելուց հետո որոշակի ժամկետով աշխատեն համապատասխան բնագավառում։
Ըստ նրա` խորհրդային տարիներին նման կարգ գործել է ուսուցիչների պարագայում, գյուղական համայնքներն իրենց շրջանավարտներին գործուղել են մանկավարժական ԲՈւՀ, որպեսզի հետագայում վերադառնան և առնվազն հինգ տարի աշխատեն իրենց գյուղական դպրոցներում։
Փորձագետի դիտարկմամբ` անհրաժեշտ է, որպեսզի պետությունը տվյալ մեխանիզմը կիրառի կոնկրետ բնագավառներում, այլ ոչ թե տա ընդհանուր պատվեր ու հետո չհասկանա, թե մարդկանց ինչ մեխանիզմներով է ներգրավելու համապատասխան աշխատատեղերում աշխատելու համար։
Նշենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում փետրվարի 4-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում կրթություն-աշխատաշուկա կապի, մասնավորապես՝ 2022-2023 ուստարվա համար բուհերի՝ ըստ մասնագիտությունների պետպատվերի տեղերի բաշխման վերաբերյալ։