Բաքուն հայտնել է, որ 8 գերի են տվել հայկական կողմին

Նրանց մի մասը զինծառայողներ են, որոնք գերեվարվել են 2021 թվականի նոյեմբերի 16-ի դեպքերի ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 8 հայ զինծառայողի։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը` հավելելով, որ փաստը հաստատել է Ադրբեջանի գերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը:
Նշվում է, որ նրանց մի մասը զինծառայողներ են, որոնք գերեվարվել են 2021 թվականի նոյեմբերի 16-ի դեպքերի ժամանակ։
Հիշեցնենք` 2021–ի դեկտեմբերի 29–ին Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Բոլորը նոյեմբերի 16-ին Հայաստանի սահմանին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի հետևանքով գերեվարված զինծառայողներից էին։
Դրանից առաջ` 2021թ–ի դեկտեմբերի 4-ին, Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել նոյեմբերի 16-ին Սյունիքի սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինվորականի։
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց 12 հայ զինծառայողի գերեվարման և մեկ զոհի մասին:
Նոյեմբերի 16–ին` ժ. 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 7-ին համացանցում հայտնվեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որում ԱԺ նախագահը հայտարարում է` գերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալքություն են արել։
Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց, որ տեսանյութը մոնտաժված է, իր խոսքն էլ կիսատ է ներկայացված։ Այդուհանդերձ, նա վերահաստատեց` բոլոր այն զինծառայողները, որոնք վայր են դրել զենքն ու հանձնվել են գերության, կենթարկվեն քրեական հետապնդման։