Թուրքիան մի քանի անգամ հայտարարել է, որ գլոբալ ռազմական գործողությունների դեպքում հավատարիմ կլինի ՆԱՏՕ–ին, որի անդամն է, այսինքն` Թուրքիան լինելու է Արևմուտքի դաշտում և գրավելու է հակառուսական դիրք, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
«Էրդողանը ձգտում է երկակի խաղ խաղալ. նա միաժամանակ փորձում է միջնորդի դեր ստանձնել ռուս–ուկրաինական հակամարտությունում, բայց Ղրիմի առթիվ հայտարարությամբ պարզ ցույց է տալիս, թե իրականում ում դաշնակիցն է, մյուս կողմից Էրդողանն ուզում է հարաբերությունները չփչացնել Ռուսաստանի հետ և Պուտինին ու Զելենսկուն հրավիրում է Անկարա՝ հաշտարար բանակցությունների, թեև արդեն հայտնի է, որ ՌԴ–ն սառնորեն է վերաբերվել թուրքական առաջարկին»,– ասաց թուրքագետը։
Սաֆրաստյանի դիտարկմամաբ` Ուկրաինան ցուցադրաբար քայլեր է կատարում, որոնց նպատակը Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա սերտացումն է, և վերջինիս համար էլ շատ կարևոր է ուկրաինական ճգնաժամում անել ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը դրանում ավելի խորը ներգրավվի։ Ըստ նրա` դա Թուրքիայի կողմից արվում է մտածված. հաշվարկն այն է, որ Ռուսաստանը հնարավորինս ներքաշվի ուկրաինական ճգնաժամի մեջ, ինչից Թուրքիան կօգտվի Հարավային Կովկասում իր ծրագրերն իրականացնելու համար։
Թուրքագետի կարծիքով` եթե Ռուսաստանի ուշադրությունը շեղվի ու նա կենտրոնանա Ուկրաինայի վրա, ապա Անկարան Հարավային Կովկասում կկարողանա ավելի ազատ գործել։ Սաֆրաստյանի պնդմամբ` Թուրքիայի նպատակն աշխարհաքաղաքական առումով մեր տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելն է ու իր տիրապետությունը մեծացնելը։
Նշենք` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ Անկարան անկեղծորեն հավատում է ռուս-ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը դիվանագիտական հարթությունում և մինսկյան պայմանավորվածությունների շրջանակներում։