«Ես սիրահարվում եմ բառերին. հայերեն բառերին՝ ռուսերենի և ռուսերեն բառերին՝ հայերենի շնորհիվ...», - իր «Հայաստանի դասերը» գրքում գրել է ռուս հայտնի գրող Անդրեյ Բիտովը: Այս արտահայտությունը շատ լավ և հստակ բնութագրում է երկու եղբայրական պետությունների՝ Ռուսաստանի և Հայաստանի փոխկապակցվածությունը, որոնք երկար պատմական ճանապարհ են անցել ուս ուսի տված։ Դա հատկապես վառ երևում է երկու նույն հավատքն ունեցող ժողովուրդների գրական-մշակութային կապերի օրինակով՝ հզոր շերտ, որից չի կարելի առանձնացնել միայն յուրայինը։
Աշխարհում քիչ կան այսպիսի մեծ բարեկամության, սիրո, նվիրումի ու համագործակցության օրինակներ, ինչպիսին Հայաստանի ու Ռուսաստանի ժողովուրդների միջև է։ Սակայն հասարակական-քաղաքական փոփոխությունների ու կատակլիզմների մեր դժվարին ժամանակներում, երբ կայացած ավանդույթները խաթարվում են, ավելորդ չի լինի հիշել մեր ոչ վաղ անցյալի արժեքների ու առաջնահերթությունների մասին։
Անսպառ աղբյուր
«Հայաստանի ուսումնասիրության մեջ ես գտա բարձրագույն, հոգևոր ուրախությունների անսպառ աղբյուր որպես պատմաբան, որպես գիտության մարդ՝ Հայաստանի պատմության մեջ տեսա մի ամբողջ ինքնատիպ աշխարհ, որտեղ հազարավոր հետաքրքիր, բարդ հարցեր արթնացրին գիտական հետաքրքրասիրությունը, իսկ որպես բանաստեղծ, որպես նկարիչ ես Հայաստանի պոեզիայում տեսա ինքնատիպ գեղեցկության աշխարհ, ինձ նախկինում անհայտ նոր տիեզերք, որտեղ փայլում և շողշողում էին իսկական գեղարվեստական ստեղծագործության բարձր գործերը․..
Հայ պոեզիային ծանոթանալը պետք է պարտադիր լինի յուրաքանչյուր կրթված մարդու համար, ինչպես նրա համար պարտադիր է ծանոթությունը հելենիստական ողբերգություններին, Դանթեի «Կատակերգությանը», Շեքսպիրի դրամաներին, Վիկտոր Հյուգոյի պոեմներին», - գրել է բանաստեղծ Վալերի Բրյուսովը, որը հայ պոեզիայի թարգմանիչ էր, «Հայաստանի պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» անթոլոգիայի կազմողն ու խմբագիրը։
Այդ ժողովածուն Ռուսաստանի հայ մտավորականության յուրօրինակ պատասխանն էր 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը։ Ռուսաստանի մտավորականությունը որոշեց օգնություն ցույց տալ իր եղբայրներին և ամբողջ աշխարհին ցույց տալ, թե ինչ մշակութային արժեքներ է ստեղծել ողջ աշխարհով մեկ ցրված հայ ազգը։
Մոսկվայի հայերի կոմիտեի նախաձեռնությամբ Ալ. Ծատուրյանին, Կ.Միքայելյանին և Պ. Մակինցյանին հանձնարարվել է հրատարակել հայ պոեզիայի ժողովածու, որը համաձայնել է կազմել և խմբագրել Վալերի Բրյուսովը: Նա այնքան է խորացել հայոց պատմության, մշակույթի, պոեզիայի և գրականության մեջ, որ դարձավ Ռուսաստանում հայ հոգևոր մշակույթի իսկական քարոզիչ, Հայաստանի մասին բանաստեղծությունների, հայ գրականության, դասախոսությունների և հետազոտությունների մասին քննադատական հոդվածների հեղինակ։
Բրյուսովի ավանդը հայ-ռուսական գրական-հասարակական կապերի զարգացման և հայ պոեզիայի հանրահռչակման գործում բարձր է գնահատվել.1923 թվականին Խորհրդային Հայաստանի կառավարությունը նրան Հայաստանի ժողովրդական բանաստեղծի կոչում է շնորհել:
Որտեղ Արարատի կապույտը հազիվ էր երևում...
Հայ և ռուս ժողովրդի հոգևոր փոխհարստացման համար շատ բան է արել նաև մեկ այլ նշանավոր գրականագետ Պավել Անտոկոլսկին։ Անցյալ դարի 30-ական թվականներին Հայաստան այցելած բանաստեղծն ու թարգմանիչը հրաշալի բանաստեղծություններ է նվիրել հայոց երկրին։
Անտոկոլսկին, ինչպես և Վալերի Բրյուսովը, դարձել է հայ գրականության մեծ քարոզիչ. նա մի շարք թարգմանություններ է արել հայ միջնադարյան պոեզիայից, թարգմանել է Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Ջիվանու, Վահան Թեքեյանի, Հրաչյա Հովհաննիսյանի և այլ բանաստեղծների ստեղծագործությունները, գրել է հոդվածներ և ակնարկներ Հայաստանի և նրա մշակույթի մասին։
Պավել Անտոկոլսկի
© Sputnik / Наум Грановский
«Երբ 30-ականների սկզբին առաջին անգամ այցելեցի Երևան, շատ աշխույժ և սուր զգացի՝ այո, հենց այստեղ, այս հեռավոր ճանապարհորդության մեջ կարող է և պետք է սկսվի իմ կյանքի նոր, անսպասելի հետաքրքիր, նախապես հետաքրքիր գլուխ։ Թերևս այդպես էլ եղավ... Այստեղ շատ համադրություններ եղան՝ և՛ տպավորությունը ալեհեր Հայաստանից, և՛ երկգլխանի Արարատը, որը հյուրանոցի պատուհանից մեզ գլխով էր անում, և՛ նոր քաղաքի, դրա թատրոնների ու հրապարակների վիթխարի շինարարությունը, և՛ առաջին հերթին, իհարկե, մարդիկ, նրանց տաքարյուն խառնվածքը, նրանց աշխատունակությունը, աշխատելու կամքը, նրանց հայրենասիրությունը»,-այսպես է Հայաստանի մասին գրել Պավել Անտոկոլսկին։
Փոքրիկ հսկան, որը հարձակվում է երկու հրեշների վրա
Հայաստանը և հայերը ոգեշնչման աղբյուր են դարձել նաև հայտնի գրող և լրագրող Վասիլի Գրոսմանի համար։ Դեռ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ռազմական թղթակից լինելով՝ նա իր ռազմական հոդվածներում ու գրքերում բավական շատ է գրել հայերի մասին։
Գրոսմանը Հայաստան էր այցելել 1961 թվականի հոկտեմբերին, եկել էր հայ գործընկերոջ գիրքը թարգմանելու։ Արդյունքում ուղևորությունը վերածվեց Հայաստանի մասին «Բարին ընդ ձեզ» ակնարկների գրքի, որը նախատեսված էր Տվարդովսկու «Նովի միր» ամսագրի համար։ Սակայն ակնարկներն այդպես էլ չեն տպագրվել այնտեղ, այլ տպագրվել են միայն «Գրական Հայաստան» ամսագրում (1965, № 6-7), ինչպես նաև Գրոսմանի հետմահու ժողովածուում («Բարին ընդ ձեզ» 1967 թ․)։ Եվ պատահական չէ, քանի որ իր գրքում գրողն անդրադարձել է շատ արգելված թեմաների՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը, ռեակցիոն ազգայնականությանը և այլն։
Վասիլի Գրոսման
© Sputnik / Яков Рюмкин
Շատ անկեղծ, առանց իդեալականացման կամ հիացմունքի, գրողը գրել է երկրի ու դրա ժողովրդի մասին. «Հայկական ողբերգական բնապատկերի մշուշոտ հինավուրց քարը զգալու համար ես ստիպված էի քերել իմ գոգուց սարյանական նկարների վառ ուրախությունը»։
Գրոսմանը պարզապես պատմում է Հայաստանի, Երևանի, հուշարձանների, բակերի, հասարակ մարդկանց մասին։ Նա գրել է այն ամենի մասին, ինչ տեսել է։
«Մատակարարումն այստեղ լավ է․ խանութներում շատ յուղ, երշիկ, միս կա։ Oh, հայ աղջիկներն ու երիտասարդ կանայք շատ լավիկն են։ Oh, բայց ոմանք նաև ահավոր մեծ քիթ ունեն... Զարմանալի բան է՝ հենց մի տատիկ կամ պապիկ ձեռք են բարձրացնում՝ վարորդները կանգնեցնում են ավտոբուսները: Մարդիկ այստեղ բարի ու սրտացավ են»։
Բայց սովորական պատմությունների հետ մեկտեղ հեղինակն իր ստեղծագործության մեջ միահյուսում է փիլիսոփայական լուրջ մտորումներ հայ ժողովրդի բնավորության, ազգային ազատության, ազգային բնավորության նշանակության չափազանցության մասին, որը թույլ են տալիս նաև մեծ ու փոքր ազգերը․.. Պատահական չէ, որ նա հայ ժողովրդին անվանել է «երկու հրեշների՝ լեռների ու ժամանակի վրա քայլող փոքրիկ հսկա»։
Թեև Արարատը Գրոսմանի մոտ ամենևին էլ հրեշ չէ, այլ գեղեցիկ ու նուրբ մի բան։ «Ես տեսնում եմ Արարատը, այն խոյանում է երկնագույն երկնքում, մեղմ, քնքշորեն ուրվագծված, այն ասես երկնքից է աճում, ոչ թե երկրից, ամպերից ու երկնային կապույտից է խտացել: Այս ձնառատ, երկնագույն-սպիտակ, արևի տակ շողացող սարին նայել են այն մարդկանց աչքերը, որոնք Աստվածաշունչ էին գրում․․․»։
Թող ինձ ների Հայաստանը․..
Անդրեյ Բիտովի «Հայաստանի դասերը» գիրքը (1969), հայկական հոգու լավագույն ուղեցույց է համարվում: Նրանց համար, ովքեր երբեք չեն եղել Հայաստանում, այդ գրքի հետ ծանոթությունը կավարտվի դեպի Հայաստան տոմս առնելով։ Նույնիսկ, հնարավոր է, «Հայաստանի դասերը» դեռ ավարտված չեն լինի, իսկ գլխում կկրկնվի այն արտահայտությունը, որով սկսվում է գիրքը. «Թող ների ինձ Հայաստանը, ինքնաթիռը սազում է դրա երկնքին»։ Եվ վերջ, դուք արդեն ենթարկվել եք այդ տողերի հմայքին․․․
Բիտովը գրել է, որ նա Հայաստան է եկել «ցանկությամբ, որ ինձ այստեղ դուր կգա, և ինձ դուր եկավ»։ Հատկապես հայկական այբուբենն ու հայկական խոսքը, որը նա ուսումնասիրում է ու վայելում է հնչողությունը․ «Հայկական տառի մեջ հուշարձանի վեհությունն ու կյանքի քնքշությունն է, լավաշի բիբլիական հնությանև կանաչ պղպեղի ստորակետի ուրվագծերը, խաղողի գանգրահերությունն ու թափանցիկությունը և շշի սլացիկությունն ու խստությունը, ոչխարի բրդի փափկությունը և հովվի ուսերի ամրությունը... Ու նրա ծոծրակի գիծը։ Ու այդ ամենը ճշգրտությամբ համապատասխանում է տառի պատկերած հնչյունին»:
Հին ձեռագրերի պահոց Մատենադարանը, հնագույն «Զվարթնոց» տաճարի ավերակները, հայկական եկեղեցիները, Երևանը, Հայաստանի դաշտերը, մարդիկ, համեղ սնունդը․.. Թվում է, թե Բիտովն ամենուր եղել է, ամեն ինչ տեսել է, բոլորի հետ զրուցել է, ամեն ինչ փորձել է: Եվ այդ ամենի մասին գրել։ Հայոց այբուբեն, աշխարհագրություն, ճարտարապետություն, արվեստ, կենցաղ... Դասեր՝ բազմաթիվ առարկաներից, իսկ գիրքն ինքն ասես ստուգողական աշխատանք լինի, որը Բիտովն է ինքն իրեն հանձնարարել։
Եվ Հայաստանի գլխավոր դասերից մեկը Բիտովի ծանոթությունն է հայ ժողովրդի ողբերգական ճակատագրի հետ։ Նրա հայ ընկերոջ տանը պատահական ացված մի գրքի էջը նրան հայաֆիլ է դարձնում։ Գիրքը սուլթան Աբդուլ Համիդի օրոք հայերի կոտորածների (1876-1908) և երիտթուրքերի իրագործած զանգվածային կոտորածների (1909-1918) մասին էր։
Հայաստանում Բիտովի ապրած ամեն օրն ինչ-որ նոր բան էր ավելացնում երկրի հետ նրա ծանոթությանը։ Այստեղ, կարելի է ասել, նա ստացել է իր երկրորդ մկրտությունը՝ Հայաստանի ամենալուսավոր վայրում՝ Սևանա լճում։
Ամբողջ սրտով Հայաստանը ընդունած և այստեղ ընդամենը 10 օր ապրած Բիտովը, այնուամենայնիվ, իր համար բացահայտեց մի ամբողջ աշխարհ, «Հայաստանում տեսա իրապես ազգային գոյատևման օրինակ՝ ներծծվելով հայրենիքի և ցեղի, ավանդույթների և ժառանգության հասկացություններով․..»։
Նա այնպիսի սիրո խոստովանություն արեց, որ Հայաստանը պետք է ոչ թե ների, այլ շնորհակալություն հայտնի ջերմության, հարգանքի ու Հայաստանին նվիրված տողերի համար։ «Ես պարտական եմ Հայաստանին։ Ու եթե վերադարձրի այն ջերմության (իհարկե, հյուրընկալությունը չէ, ոչ), որը նա ինձ սովորեցրել է, այն է՝ սերը դեպի հայրենիք, ապա ես եթե ոչ առաջին, բայց ոչ վերջին խնդիրն եմ կատարել։ Ամեն դեպքում, եթե նորի ծնվեի, հայ կծնվեի քո հողի վրա, ես խենթի պես կսիրեի քեզ՝ իմ հայրենիքը․․․ Ինչ-որ տեղ դա ավելի հեշտ է, քան մեր «տարօրինակ» ռուսական սերը»։