ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդն իր գահակալության 70-ամյակի նախօրեին ուղերձ է հղել ժողովրդին` հայտնելով նաև, թե ով է լինելու Մեծ Բրիտանիայի հաջորդ թագուհին, տեղեկանում ենք թագավորական ընտանիքի թվիթերյան էջից։
Թագուհին շնորհակալություն է հայտնել հանրությանն ու իր ընտանիքին աջակցության համար և հավելել` անհամբերությամբ է սպասում 70-ամյա կառավարման համար կազմակերպվող տոնակատարություններին։
Միաժամանակ, նա հայտնել է, որ իր ավագ որդին` Չարլզը կդառնա թագավոր, իսկ նրա կինը` Կամիլիան, թագուհին կլինի։
Արքայազն Չարլզն ու նրա կինը՝ Կամիլիան. Արխիվային լուսանկար
© Sputnik / Алексей Филиппов
/ «Ես գիտեմ, որ Չարլզին և նրա կնոջը դուք նույն աջակցությունը կցուցաբերեք, ինչ ինձ»,–ասել է Եղիսաբեթ Երկրորդը։
Հիշեցնենք, որ այսօր թագուհին դառնում է առաջին բրիտանացի միապետը, որը տոնում է գահակալման պլատինե հոբելյանը: Ողջ տարվա ընթացքում տոնական միջոցառումներ են նախատեսված։
Թագուհին գահ է բարձրացել 1952 թվականի փետրվարի 6-ին, թագադրվել է 1953 թվականի հունիսի 2-ին հոր՝ Ջորջ VI թագավորի մահից հետո։
1947 թվականին` 21 տարեկանում, Եղիսաբեթն ամուսնացել է 26-ամյա Ֆիլիպ Մաունթբեթենի հետ, որը բրիտանական նավատորմի սպա էր, հունական և դանիական թագավորական ընտանիքների անդամ, Վիկտորյա թագուհու ծոռը։ Մեկ տարի անց` 1948 թվականին, ծնվել է նրանց առաջնեկը՝ արքայազն Չարլզը, իսկ 1950 թվականի օգոստոսի 15-ին՝ դուստրը՝ արքայադուստր Աննան։ 1960 թվականին ծնվել է թագուհու երկրորդ որդին՝ արքայազն Էնդրյուն, իսկ 1964-ին՝ երրորդը՝ արքայազն Էդուարդը։