ՌԱԴԻՈ

ԱՄՆ-ի ճնշումներն ավելի են մերձեցնում Ռուսաստանին ու Չինաստանին

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ռուս–չինական աշխարհաքաղաքական բևեռի ձևավորմանն ու ԱՄՆ–ի հակազդող քաղաքականությանը։
Sputnik
Որքան մեծանան ամերիկյան ճնշումները Ռուսաստանի ու Չինաստանի նկատմամբ, այնքան այդ երկրները միասնաբար գնալու են այդ ճնշումներին հակազդելու ճանապարհով, և այժմ տեղի է ունենում հենց այդ գործընթացը, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը։
«Չին–ռուսական հարաբերությունները խորանում են, նրանք համատեղ հայտարարություն են տարածել, որով ըստ էության քննադատում են գործող աշխարհակարգը, որը ձևավորվել է Սառը պատերազմի ավարտից հետո և արդեն ճաքեր ունի։
Այժմ հնարավոր չէ խոսել միայն միաբևեռ աշխարհի մասին, որովհետև Չինաստանն առնվազն տնտեսական շատ ցուցանիշներով գերազանցում է ԱՄՆ–ին, ինչը հասկանում են Վաշինգտոնում և փորձում են դիմակայել Չինաստանի դեմ կիրառվող տարաբնույթ ճնշումներով ու պատժամիջոցներով»,– ասաց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենը։
Սարգսյանի դիտարկմամբ, նույն իրավիճակում է հայտնվել նաև Ռուսաստանը, ուստի պատահական չէ, որ միջազգային հիմնախնդիրների վերաբերյալ Ռուսաստանի ու Չինաստանի դիրքորոշումները կամ ամբողջությամբ համընկնում են, կամ չափազանց մոտ են իրար։
«Ռուս–չինական համատեղ հայտարարության մեջ շեշտվում է, որ անընդունելի է, երբ մի պետություն պետք է որոշի, թե այլ երկրներում ինչպիսի ժողովրդավարություն լինի, հետևաբար ժողովրդավարության համապատասխանությունը ժողովրդավարական սկզբունքներին պետք է որոշեն տեղի ժողովուրդները»,– նշեց նա։
Սարգսյանի կարծիքով` ռուս–չինական հարաբերություններում նոր էջ է բացվում, մանավանդ եթե հաշվի առնենք, որ չափազանց կարևորվում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեգանախագիծն ու ԵԱՏՄ–ի միջև հարաբերությունների խորացումը, ինչն էապես նոր իրավիճակ է ստեղծելու նաև մեր տարածաշրջանում, քանի որ Հայաստանն այդ կառույցի անդամ է։
Չինաստան, Իրան ու Ռուսաստան. ԱՄՆ-ն փորձում է հակառակորդների հետ հաշտության եզրեր գտնել
Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 4-ին Պեկինում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցինպինի հետ։
Կրեմլի պաշտոոնական հաղորդագրության համաձայն` երկու պետությունների ղեկավարները քննարկվել են փոխգործակցության համակողմանի հարցեր, մասնավորապես ռուս-չինական համընդգրկուն գործընկերության և ռազմավարական փոխգործակցության ընթացիկ վիճակն ու զարգացման հեռանկարները, դիտարկվել է առեւտրատնտեսական, էներգետիկ, ֆինանսաներդրումային, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում համագործակցության հարցերի լայն շրջանակ։