ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. Ադրբեջանական գերությունից վերադառնալուց անմիջապես հետո ազատությունից զրկված զինծառայող Սերժիկ Ամիրխանյանն ազատ է արձակվել կալանքից։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
««Գերիների գործով» մեր երկրորդ վստահորդը՝ Սերժիկ Ամիրխանյանը, այսօր վերադարձավ ազատության: Նա 84 օր կալանված էր. նախ՝ ադրբեջանական, ապա՝ հայկական բանտում։ Հիմա գեհեններով անցած մեր զինվորականը կվերադառնա իր երկու անչափահաս զավակների մոտ։ Տարոսը՝ մյուս տղաներին»,–գրել է նա։
Մելիքյանի խոսքով` թշնամական գերության մեջ նրանց անցած տառապանքը պետք է ինքնին բացառեր կալանքը Հայաստանում։
Հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հունվարի 31-ին ընդունած որոշմամբ մերժել է Սերժիկ Ամիրխանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։ Իսկ կալանավորման մասին նախորդ որոշման ժամկետն ավարտվում է փետրվարի 6-ին։ Այսօր պետք է ազատ արձակվեր նաև գերությունից վերադարձած և ՀՀ–ում ձերբակալված Արեն Արամյանը, որի վերաբերյալ նույնպես դատարանը կալանքը չերկարացնելու որոշում էր կայացրել։
Հիշեցնենք` 2021թ–ի դեկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել նոյեմբերի 16-ին Սյունիքի սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինվորականի, որոնց թվում էր նաև Սերժիկ Ամիրխանյանը։
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով` մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։