ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր և տիկնոջ անունից շուտափույթ ապաքինում է մաղթել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որն այսօր հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսով։
«Ելենան (Ելենա Զելենսկայան. խմբ.) և ես ցավով տեղեկացանք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա կնոջ՝ Էմինե Էրդողանի Covid-19-ի դրական թեստի մասին: Մենք անկեղծորեն ցանկանում ենք մեր ընկերներին՝ պարոն Էրդողանին և տիկին Էմինեին, շուտափույթ ու հեշտ ապաքինում»,– Էրդողանի հայտարարությունից հետո գրել է Զելենսկին Twitter-ում։
Նրա արձագանքը հատկապես հետաքրքիր է այն համատեքստում, որ Թուրքիայի նախագահը փաստորեն հիվանդացել է Կիև կատարած այցից հետո։
Ինչպես արդեն հայտնել ենք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter–ի իր միկրոբլոգում գրել էր, որ ինքն ու կինը` Էմինե Էրդողանը, վարակվել են կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքով։
Հիշեցնենք` Էրդողանը նոր է վերադարձել Ուկրաինայից, ուր պաշտոնական այցով մեկնել էր փետրվարի 3-ին։ Կիևում նա հանդիպում էր ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։