ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Քաղաքացի Վ.Մ.–ն դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` հայտնելով, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին ոստիկանության Ստեփանավանի բաժնի երեք ծառայողներ իր նկատմամբ բռնություն են գործադրել, սպառնացել են կրակել ոտքերին ու տանել ոստիկանության բաժին։
Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հաղորդման հիման վրա 2021թ. նոյեմբերի 18-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորություններն անցնելը):
Քննությամբ պարզվել է, որ 2021թ. հոկտեմբերի 29-ին, ժամը 04:40-ի սահմաններում ոստիկանության Ստեփանավանի բաժնի երեք աշխատակիցներ, այդ թվում՝ բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալը, կանգնեցրել են Դ. Ս.-ի վարած ավտոմեքենան և ավտոմեքենայից դուրս գալու պահանջ ներկայացրել նրա ուղևոր Վ. Կ.-ին: Ոստիկանները նաև հարց են տվել ավտոմեքենայում գտնվող իրի մասին, իսկ երբ քաղաքացին ճշտող հարց է ուղղել ոստիկաններին, դա զայրացրել է բաժնի պետի տեղակալին։ Իրենց հետ ոչ հարիր ձևով խոսելու համար նա երկու անգամ բռունցքով հարվածել է Վ. Կ.-ի գլխի ձախ կողմին։
Այս արարքը քննիչի կողմից որակվել է որպես խոշտանգում ու համապատասխան մեղադրանք (քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով) ներկայացվել Ստեփանավանի փոխոստիկանապետին:
Դատախազությունը հայտնում է, որ նախաքննության հետագա ընթացքը վարում է ԱԱԾ–ն ու վստահեցնում, որ առաջիկայում համապատասխան գնահատականներ կտրվեն նաև դեպքին մասնակից մյուս երկու ոստիկանների գործողություններին: