ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Պտղնի համայնքի վարչական տարածքի գիշերային ակումբներից մեկի մոտ 27 և 24 տարեկան երիտասարդները դանակահարել են իրար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` ոստիկանությունը փետրվարի 4-ին, ժամը 05.00-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացել, որ երկու երիտասարդ բուժօգնության են տեղափոխվել կտրած-ծակած վնասվածքներով։
Ըստ բժշկական տեղեկանքների՝ երիտասարդներն ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):
Օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդները միմյանց դանակահարել են ժամը 04.30-ի սահմանում գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Կատարվում է նախաքննություն: