ՌԱԴԻՈ

Պետք է վերանայվի նախագահին առնչվող գլուխը. Մարուքյանը` Սահմանադրությունը փոփոխելու մասին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Էդմոն Մարուքյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների թեմային և այդ համատեքստում սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդրանիկ նիստին։
Sputnik
Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ մեր հանրության կողմից շատ սպասված հարցերի պատասխանները բնականաբար չկան և երկար ժամանակ չեն լինի, որովհետև սահմանադրական բարեփոխումների խորհուրդն աշխատանքի որևէ ուղղություն դեռ չունի։ Խորհուրդը պետք է նայի, թե ինչ խնդիրներ կան մեր Սահմանադրությունը կիրառելիս, պետք է տա ախտորոշում, և հանձնաժողովը շարժվի այդ ուղղությամբ, Sputnik Արմենիայի եթերում ասաց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Սուպերվարչապետական» համակարգն ուզում ենք հավասարակշռված դարձնել. Կարեն Անդրեասյան
«Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստը կրում էր տեխնիկական բնույթ, որովհետև պետք է ընտրվեր փոխնախագահ, և զուտ քննարկվել են հանձնաժողովի աշխատանքային չափանիշները։ Խորհուրդը մրցույթով պետք է ընտրի հինգ անաչառ ու անկողմնակալ իրավաբան գիտնականից կազմված հանձնաժողով, որն իր հերթին պետք է գրի սահմանադրական փոփոխությունների տեքստը»,– նշեց ԼՀԿ նախագահը։
Մարուքյանի դիտարկմամբ` անցած տարիների փորձը ցույց է տվել, որ 2015–ին ընդունված նոր Սահմանադրությունը խորհրդարանական կառավարման չի տանում, այլ ձևավորում է սուպերվարչապետական համակարգ։ Ըստ նրա` դա մեկ անձի համար գրված Սահմանադրություն է, որում հակակշիռների ու փոխզսպումների մեխանիզմները ռեալ չեն, խորհրդարանն անատամ վիճակում է։

«Սահմանադրության մեջ վերանայման ենթակա է նախագահին առնչվող գլուխը, բոլորին հայտնի է, թե ինչպես էին նախագահի լիազորություններն աստիճանաբար կրճատվում։ Անելիքներ կան նաև դատական իշխանության, տեղական ինքնակառավարման, ինչպես նաև մյուս բոլոր ուղղություններով։ Կլինեն առաջարկություններ ինչպես շարքային քաղաքացիներից, այնպես էլ մասնագետ գիտնականներից, և այդ ամենի բալանսավորման արդյունքում կունենանք լավ տեքստ»,– ասաց ԼՀԿ նախագահը։

Մարուքյանի համոզմամբ` որքան էլ լավ տեքստ կազմվի, այդուհանդերձ
ամենակարևոր նախապայմանն այն է, որ ունենանք քաղաքական ու հասարակական կոնսոլիդացիա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 27-ին ստորագրեց համապատասխան որոշում, որով հաստատվեց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը։ Խորհրդում ընդգրկված են ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը (նախագահ), Հայաստանի միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որին շուտով կփոխարինի Քրիստինե Գրիգորյանը:
Պատվերի շրջանակներում փոփոխություն չի լինի. փոխնախարարը` Սահմանադրության բարեփոխման մասին