ՀՀ մարզերում ձյուն ու մառախուղ է, ավտոճանապարհները դժվարանցանելի են

Ճանապարհ
ԱԻՆ–ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ժամը 10։00–ի դրությամբ Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է գալիս, կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, որոշ հատվածներում մերկասառույց է։

Ըստ հաղորդագրության` ձյուն է տեղում Կոտայքի մարզում, Արարատի մարզի Երասխ, Տիգրանաշեն գյուղերում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Աշտարակ քաղաքում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գորիսում, Վայոց ձորի մարզի` Ջերմուկ ու Վայք համայնքներում, Տավուշի մարզի Բերդ, Գեղարքունիքի մարզի Սևան և Գավառ քաղաքներում։

Արագածոտնի մարզի Ապարան-Արագած և Սյունիքի մարզի ավտոճանապարհները տեղ-տեղ պատվել են մերկասառույցով։ Ապարանի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կնվազի, քամին կուժգնանա. եղանակի տեսություն
Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքներում մառախուղ է:
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (ձյուն) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար` անգամ անվաշղթաների կիրառման դեպքում։ Մյուս տրանսպորտային միջոցների համար բաց է:
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար` դժվարանցանելի։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ու ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից էլ հայտնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
ԱԻՆ–ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։