ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Երևանում էներգաարդյունավետության պետական ծրագրով այժմ 8 մանկապարտեզ է հիմնանորոգվում: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Ըստ հաղորդագրության` ընդհանուր առմամբ ծրագրում ընդգրկված է 29 նախակրթարան, որոնցից15-ը հիմնանորոգվելու են, մյուսներում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված առանձին միջոցառումներ են իրականացվելու:
Առաջին հերթին շենքերն ամրացվում են, ջերմամեկուսացվում, անցկացվում է օդափոխության համակարգ:
Աշխատանքների ավարտին ամեն մանկապարտեզ կունենա իր արևային համակարգը` արևային ջրատաքացուցիչով:
Շինարարության մեկնարկից 20 ամիս անց երեխաները կունենան հիմնանորոգված, հարմարավետ ու էներգաարդյունավետ մանկապարտեզներ։ Մի քանիսն արդեն շուտով կբացեն դռները:
Նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 15 միլիոն եվրո է, մի մասը՝ դրամաշնորհ: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի, էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի հարցերով Եվրոպայի Արևելյան գործընկերության նախագծի, Կլիմայի կանաչ հիմնադրամի, ինչպես նաև համայնքի միջոցներով: