Bloomberg-ը սխալմամբ հայտարարել է, որ ՌԴ–ն ներխուժել է Ուկրաինա. Պեսկովը մեկնաբանել է

Ուկրաինացի զինծառայողներ
Bloomberg-ն ընդունել է սխալը, կայքից հեռացրել վերնագիրը և հայտարարություն տարածել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Ամերիկյան Bloomberg գործակալությունը Ռուսաստանի «ներխուժման» մասին վերնագիր է հրապարակել իր կայքում, այնուհետև ընդունել է սխալը և հեռացրել այն։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք բազմաթիվ սցենարների համար վերնագրեր ենք պատրաստում, և «Ռուսաստանը ներխուժում է Ուկրաինա» վերնագիրը պատահաբար հրապարակվել է մեր կայքում արևելյան ժամանակով 16:00-ին (փետրվարի 5-ին՝ Երևանի ժամանակով ժամը 01:00-ին)։ Մենք խորապես ցավում ենք սխալի համար», - հայտարարել է գործակալությունը։

Լրատվամիջոցը պարզում է միջադեպի հանգամանքները։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ամերիկյան գործակալության սխալը։
«Սա շատ ցայտուն կերպով ցույց է տալիս, թե որքան վտանգավոր է այն իրավիճակը, որը հրահրում են Վաշինգտոնից, Լոնդոնից, եվրոպական մյուս մայրաքաղաքներից հնչող ագրեսիվ հայտարարությունները», - ասել Է Պեսկովը:
Ռուսաստանը բազմիցս հերքել է Արևմուտքի և Ուկրաինայի` «ագրեսիվ գործողությունների» վերաբերյալ մեղադրանքները՝ հայտարարելով, որ ոչ մեկին չի սպառնում և ոչ մեկի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «ՌԴ ագրեսիայի» մասին հայտարարությունները պատրվակ են ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար։
Պատկերացրեք` Կիևը զենքով գործողություն սկսի Ղրիմում. Պուտին