ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Արցախի օկուպացված տարածքներից տեղահանված բնակիչները Երևանում՝ Արցախի ներկայացուցչության մոտ բողոքի ակցիա են իրականացնում։
Վերջիններս պահանջում են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հրաժարականը։
«Իր արած քայլերը, կատարած աշխատանքը և այլ շատ բաներ են մեզ թույլ տալիս հավաքվել ու պահանջել նրա հրաժարականը։ Արցախում մեզ այդպիսի պետական «չինովնիկներ» պետք չեն։ Պետք են անձինք, ովքեր կհոգան ժողովրդի կարիքները, որպեսզի այստեղ կարողանանք գոյատևել, մինչև Արցախում մեզ բնակարաններով կապահովեն, ու մենք էլ կվերադառնանք այնտեղ»,- ընդգծեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրա խոսքով՝ Արցախի ղեկավարությունը համագործակցելով ՀՀ կառավարության հետ՝ հասցրել են այն իրավիճակին, երբ զրկվել են իրենց անգամ մինիմալ աջակցությունից։ Ակցիայի մասնակիցը վստահեցրեց, որ այսօր այլևս չեն կարողանում տան վարձերը, ինչպես նաև կոմունալները վճարել։
Նրանց հետ հանդիպման իջած ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը նշեց, որ ակցիայի մասնակիցներից շատերի հետ իրենք պարբերաբար հանդիպումներ են ունենում ու փորձում են բազմաթիվ խնդիրների լուծում տալ։
«Ակցիայի, ձեր մտահոգությունների ու պահանջների մասին մենք կտեղեկացնենք Արցախի ղեկավարությանը։ Սահմանափակ ռեսուրսների սահմաններում Արցախի կառավարությունն անում է ամեն հնարավոր բան, տարբեր ծրագրեր է իրականացնում»,- ասաց Ղազարյանը։
Ակցիայի մասնակիցները նաև պահանջում են փախստականի կարգավիճակ տալ իրենց։
«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրիյանը շեշտեց, որ երկիրը հնարավորություն չունի, սակայն պատգամավորները 250 հազար դրամ գրպանի ծախս են ստանում, ինչպես նաև 650-700 հազար դրամ աշխատավարձ։
«Ինչու իշխանությունները չեն ուզում մեզ փախստականի կարգավիճակ տալ, նաև պատճառը չեն ասում, թե ինչու չեն ուզում Արցախի կարգավիճակի վրա աշխատել: Հայկ Խանումյանը փոքր մարդ է, ես իրեն լավ եմ ճանաչում: Նա ուզեցել է կամ ինչ-որ մեկին դուր գալ, կամ էլ ինչ-որ մեկի առաջադրանքն է կատարել: Իշխանությունն ունի 3 պարտականություն՝ ժողովրդին կերակրել, տնտեսություն զարգացնել, երկրի սահմաններն ու Սահմանադրությունը պահպանել: Ոչ մեկը չի արվում, Արցախը տվել են, հիմա էլ Սյունքին ու Տավուշն են տալիս»,- ասաց Հայրիյանը:
Հիշեցնենք, որ Արցախից տեղահանվածները բողոքի ակցիա էին իրականացնում նաև հունվարի 27-ին՝ Կառավարության շենքի դիմաց։