ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշել են որևէ կերպ չմասնակցել ՀՀ նախագահի ընտրությանը։ Նրանք հայտարարություն են տարածել։
«Մենք քննարկել ենք թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը, սակայն ստեղծված իրավիճակում անընդունելի և սխալ ենք համարում նույնիսկ անուղղակի ձևով այդ ընտրության լեգիտիմացմանը մասնակցելը: Ելնելով այս հաստատումներից` Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշել են որևէ կերպ չմասնակցել ՀՀ նախագահի ընտրությանը»,– նշված է հայտարարության տեքստում։
Հիշեցնենք` հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի կարողանում օգտագործել իր ներուժի գերակշիռ մասը ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:
Փետրվարի 1-ին պաշտոնապես հայտարարվեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ՀՀ նախագահի պաշտոնում կառաջադրեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը:
Հաջորդ օրը ԱԺ–ն հայտնեց, որ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին:
Նշենք, որ Վահագն Խաչատուրյանը տևական ժամանակ համարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմակիցը: 1992-1996 թվականներին եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996- 1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր: 1996-1998 թթ. նա զբաղեցրել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականի պաշտոնը:
2002 թվականից «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի» փոխնախագահն է: 2006թ. ընտրվել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ: 2019- 2021 թթ․ եղել է «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ:
2021թ. օգոստոսի 4-ին Վահագն Խաչատուրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 3-ին հայտարարեց, որ ՀՀ նախագահի ընտրությունը կկայանա մարտին։
ՀՀ գործող Սահմանադրությունը նախատեսում է, որ ՀՀ նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ: