Վրաստանի ՆԳ նախարարը Հայաստան կատարած այցի վերջում մեդալ է ստացել

Գոմելաուրին եղել է ՀՀ ոստիկանության զորքերում, ծանոթացել նրանց սպառազինությանը, հատուկ միջոցներին, տեխնիկային:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին Հայաստանում «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ է ստացել, հաղորդում Է Sputnik Գրուզիան:
Երևան կատարած այցի ընթացքում Գոմելաուրին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ: Կողմերը քննարկել են իրավապահ մարմինների համագործակցությունն ու միջազգային հանցավորության դեմ պայքարը։
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գոմելաուրին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
Նա նաև եղել է ոստիկանության զորքերում, որտեղ ծանոթացել է նրանց սպառազինությանը, հատուկ միջոցներին, տեխնիկային: Գերատեսչությունների ղեկավարները հետևել են նաև հատուկ նշանակության ջոկատի ցուցադրական ելույթներին։