ՌԱԴԻՈ

Պետք է ճիշտ հակազդել Ադրբեջանի՝ հայկական հետքը վերացնելու փորձերին

44-օրյա պատերազմից հետո Արցախի գրավյալ տարածքներում Ադրբեջանը շարունակում է հակահայկական քաղաքականությունը․ ջնջում է և փորձում վերացնել հայկական հետքը պատմամշակութային հուշարձաններից ու կոթողներից։
Sputnik
Արցախի մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությանը, ըստ որի «Ալբանիայի (Աղվանք) պատմության ու ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ» է ստեղծվել, իբր, ալբանական կրոնական տաճարներից «հայերի գրած կեղծ հետքերը» հեռացնելու համար։
Հովհաննիսյանը նշում է՝ դեռևս 2020 թ-ի դեկտեմբերին Հայաստանի, Արցախի ՄԻՊ-երը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը դիմել էին ՅՈւՆԵՍԿՕ-ին՝ Արցախի մշակությային վայրերի պահպանության հարցով։ Որոշակի քայլեր ձեռնարկել է նաև Հայ առաքելական եկեղեցին, Արցախի թեմն այսօր էլ շարունակում է զբաղվել այդ խնդիրներով։
«Խնդիրը նոր չէ, դեռ մինչև այս պատերազմն էլ Ադրբեջանն ուդիական համայնքը օգտագործել է մեր մշակութային ժառանգությունը յուրացնելու նպատակով։ Եթե ավելի հեռուն գնանաք՝ Ադրբեջանն իր այդ գործողությունները սկսել է դեռևս խորհրդային ժամանակներից․ 1920- 30-ականներից սկսեցին յուրացնել Ադրբեջանական ԽՍՀ-ում ապրող էթնոսների պատմամշակութային ժառանգությունը, և ամենից շատ հարված ստացավ Ղարաբաղի մշակույթը։ Ամեն ինչ սկսեցին անվանել աղվանական, գործընթացը թափ առավ հատկապես հետխորհրդային տարիներին»,-ասաց Հովհաննիսյանը։
Այնպես որ, ըստ Արցախի մշակույթի նախկին նախարարի, սա նոր ձեռագիր չէ, պարզապես հիմա, արցախյան վերջին պատերազմում մեր պարտությունից հետո սկսել են ավելի լկտի, ավելի ցինիկ ձևով անել այդ ամենը։
Լեռնիկ Հովհաննիսյանի կարծիքով՝ հիմա ամենակարևորն այն է, որ հայկական կողմը կարողանա ճիշտ հակազդման մեթոդներ գտնել. վերջին պատերազմից հետո 1482 մշակութային արժեք է մնացել Ադրբեջանի տիրապետության տակ (այլ տվյալներով՝ մոտ 2000 -խմբ.)։
Եղեռն եղեռնից հետո. մշակութային ի՞նչ արժեքներ են մնացել Ադրբեջանի վերահսկողության տակ
Նախկին պաշտոնյան նաև ընդգծում է, որ այն պահին, երբ Ադրբեջանը փաստաթղթավորում է և պատրաստվում է աշխարհին ներկայացնել հայկական մշակույթը որպես աղվանական՝ դրա համար հրավիրելով նաև միջազգային փորձագետների, հայակական կողմը բավարարվում է միայն միջազգային տարբեր կառույցների դիմելով, որոնցից արձագանք չկա։ Միակ երևացող արդյունքը ռուս խաղաղապահների կողմից Դադիվանքի պահպանությունն է, մնացածի մասով դեռ ոչինչ չի արվում։
Անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը թույլ չի տալիս ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին մտնել իր վերահսկողության տակ անցած տարածքներ, Հովհաննիսյանը նշեց, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն վաղուց քաղաքական կառույց է դարձել ու գործում է երկակի ստանդարտներով։ Ըստ նրա՝ դժվար թե միջազգային այդ կառույցը մեծ ջանքեր է գործադրել գրավյալ տարածքներ մտնելու համար, Ադրբեջանն էլ թույլ չի տվել։
Նշենք, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի և միջազգային տարբեր կառույցների հորդորներին, պաշտոնական Բաքուն շարունակում է արգելափակել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքն Արցախ ու նրա գրավյալ տարածքներ։