Պատվերի շրջանակներում փոփոխություն չի լինի. փոխնախարարը` Սահմանադրության բարեփոխման մասին

Աննա Վարդապետյանը նշում է, որ փոփոխությունները կարող են արմատական հարցերին չվերաբերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Սահմանադրության մեջ պատվերով կատարվող փոփոխություններ չեն լինելու։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը։
Նշենք, որ այսօր մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստը:
«Սահմանադրական բարեփոխումների խորհրդից բացի, մասնագիտական հանձնաժողով է լինելու, որը բուն աշխատանքներն է կատարելու։ Մենք մասնագիտական կարծիք ենք ակնկալում լսել հանձնաժողովից։ Սակայն կառավարման ձևի հետ կապված քաղաքական քննարկում չի եղել»,–ասաց Վարդապետյանը։
Հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը
Նրա խոսքով` փոփոխությունները կարող են արմատական հարցերին չվերաբերել, այլ արդի, ինստիտուցիոնալ խոչընդոտներին, որոնք խանգարել են այս կամ այն ոլորտի զարգացմանը։ Փոխնախարարի խոսքով` քննարկումներին մասնակցում է, որպեսզի ինքն էլ հասկանա` ինչ փոփոխություններ պետք է լինեն և արդյոք դրանք պետք են։
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նիստի ժամանակ հայտնեց, որ չկա որևէ գաղտնի օրակարգ, որը դրված է խորհրդի առջև։ Նա մեջբերեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, թե սա բաց գործընթաց է, որի նպատակը Սահմանադրությունն աուդիտի ենթարկելն է, որպեսզի որոշվի` ինչ է պետք փոխել երկրում։
«Ես ակնկալում եմ, որ կքննարկենք վեթթինգի գործընթացը Սահմանադրության բարեփոխումների համատեքստում, ինչպես նաև ուզում եմ, որ իշխանության թևերի բանալսավորում լինի, եթե դրանք փոխվեն։ Բացի այդ, պետք է նաև դատական համակարգը վերանայվի»,–ասաց Անդրեասյանը։