Մեր նպատակն է գեղեցիկ ելույթ ունենալ. բացառիկ հարցազրույց Կարապետյան–Սենեկալ զույգի հետ

Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը
Պեկինում Հայաստանը ներկայացնող գեղասահորդները զգում են երկրպագուների աջակցությունը և ամեն ինչ անելու են նրանց չհիասթափեցնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Պեկինի օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը հույս ունեն, որ կարող են հաջող հանդես գալ և անցնել եզրափակիչ։ Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է նրանց հետ։
«Կարծում եմ, որ դա կարող է իրական լինել, քանի որ մարզումների ժամանակ ամեն ինչ լավ էր։ Մեր նպատակն է գեղեցիկ ելույթ ունենալ», - ասաց Թինան:
Թինա Կարապետյան
Կարապետյանը պատմեց, որ Պեկինում շատ խիստ հակակորոնավիրուսային միջոցառումներ են իրականացվում, և մարզիկներն ամեն օր ստիպված են լինում թեստեր հանձնել, խուսափել մարդկանց հետ շփումից, ձեռնոց հագնել և մշտապես դիմակ դնել:

«Չնայած բոլոր դժվարություններին` մենք զգում ենք մեր հայրենակիցների աջակցությունը և շատ շնորհակալ ենք նրանց դրա համար»,- ասաց նա:

Սենեկալն էլ իր հերթին հավաստիացրեց, որ չնայած կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի բարդությանը` իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի չհիասթափեցնեն իրենց երկրպագուներին և հայկական թիմին:
Սիմոն Սենեկալ
Հայաստանը ներկայացնող գեղասահորդները ելույթ կունենան փետրվարի 12-ին և 14-ին։
Հիշեցնենք, որ փետրվարի 4-20-ը Պեկինում անցկացվելու են 20-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Չինաստանի մայրաքաղաքը դարձել է պատմության մեջ առաջին քաղաքը, որն ընդունել է ամառային և ձմեռային օլիմպիական խաղերը:
Հայաստանը պետք է ներկայացնեին 6 մարզիկ՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը: Սակայն լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, և նա չի մեկնել Պեկին։
Մրցումները կանցկացվեն ինչպես նոր օբյեկտներում, այնպես էլ արդեն գոյություն ունեցող մրցասպարեզներում։ Կօգտագործվեն նաև այն կառույցները, որոնք մնացել են 2008 թվականի ամառային օլիմպիական խաղերից հետո։
Հայաստանի մարզական պատվիրակությունը Պեկին է մեկնել փետրվարի 1-ին։