ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու (2016-2021թթ. ընթացքում) և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու նոր դեպքեր են բացահայտվել։ Նրան նոր մեղադրանքներ են առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վանաձոր համայնքի նախկին ղեկավարը 2019-2021թթ. ընթացքում իր կողմից կայացված մի շարք որոշումների մեջ կեղծ տվյալներ ներառելով և չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝ համայնքի գլխավոր հատակագծում ընդհանուր օգտագործման հասարակական կանաչ տարածք հանդիսացող մի շարք հողատարածքների գործառնական նշանակությունը փոփոխել է հասարակական կառուցապատման հողերի։
Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վանաձոր համայնքի նախկին ղեկավարը 2019-2021թթ. ընթացքում իր կողմից կայացված մի շարք որոշումների մեջ կեղծ տվյալներ ներառելով և չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝ համայնքի գլխավոր հատակագծում ընդհանուր օգտագործման հասարակական կանաչ տարածք հանդիսացող մի շարք հողատարածքների գործառնական նշանակությունը փոփոխել է հասարակական կառուցապատման հողերի։
Եվ դա այն դեպքում, երբ դրանք եղել են քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողեր։
Նա այդ մասին կեղծ տեղեկանքը համայնքապետի համապատասխան որոշումների հետ միասին ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանում։
Կադաստրի կոմիտեում հիշյալ հողատարածքների գործառնական նշանակությունը փոխվելուց հետո Ասլանյանը Վանաձորի համայնքապետարանում կազմակերպել է աճուրդներ, իսկ որոշ դեպքերում էլ ուղղակի վաճառքով դրանք օտարել է իր նախընտրած անձանց:
Արդյունքում համայնքի սեփականությունից դուրս են եկել օտարումն արգելված հողատարածքներ, համայնքը և պետությունը զրկվել են գլխավոր հատակագծում որպես ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ նշված հողամասերն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից:
Ձեռք բերված ապացույցներով Ասլանյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է և նոր մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը) 3-րդ մասով, 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով (7 դրվագ), 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով (4 դրվագ) և 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ ավելի վաղ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկարացնելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Ասլանյանը մեղադրվում էր պաշտոնեական լիազորություններն անցնելու, դրանք չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։
Մամիկոն Ասլանյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը) 3-րդ մասով, 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով ու 2-րդ մասերով (2 դրվագ), 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով։
Հավելենք` 2021 թվականի հոկտեմբերի 10-ին լրացավ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի պաշտոնավարման 5 տարին: Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Վանիկ Օհանյանը։
2021թ. դեկտեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Լոռու մարզի Վանաձոր քաղաքում «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքն ամենաշատ ձայներն է հավաքել` 12 810 քվե կամ 38.70 տոկոս ձայն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 25.06 տոկոս ձայն է ստացել, իսկ երրորդ տեղում է Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը` 14.53 տոկոսով։
Վանաձորի նախկին քաղաքապետը կալանավորվել է դեկտեմբերի 16-ին։