Իշխանությունն ունակ չէ Թուրքիայի հետ հավասարը հավասարի պես երկխոսելու. Րաֆֆի Հովհաննիսյան

Րաֆֆի Հովհաննիսյան
Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ Թուրքիայի հետ հաշտվելու համար պետք է մի քանի հարցի լուծման հասնել, որոնցից մեկը դեպի ծով ելք ունենալն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Թուրքիայի հետ հարաբերություններում կա՛մ պետք է սիմետրիա ունենանք մեր մոտեցումների հարցում, կա՛մ էլ գնանք առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց անկախ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Թուրքիայի հետ հարաբերություններում կա՛մ պետք է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների գնանք և նոտաներ փոխանակենք, մայրաքաղաքներում բացենք դեսպանություններ և այդ հարաբերություններն օգտագործենք բաժանարար հարցերը լուծելու համար, կա՛մ եթե նախապայմաններ են դնում, բոլոր հարցերը պետք է միանգամից սեղանի վրա դնենք»,–նշեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` Թուրքիայի հետ հաշտեցման համար պետք է մի քանի հարցի լուծման հասնել` ճանաչում, մշակութային ժառանգության վերականգնում, հատուցում սեփականության համար, ելք դեպի ծով։ Հովհաննիսյանի կարծիքով` առաջին հերթին կարևոր է երկու երկրների շփումն առանց նախապայմանների։
Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների` փետրվարի 24-ին կայանալիք հանդիպմանը` Հովհաննիսյանը նշեց, որ չի կարծում ներկայիս իշխանությունն ունակ է հավասարը հավասարի պես երկխոսելու։ Նրա խոսքով` եթե հայ–թուրքական հարաբերությունները կապում են Արցախի հետ, սահմանի հետ, ապա դա արդեն իսկ նախապայման է։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, բայց այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։
Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Մինչ այդ հայտարարվել էր, որ վերականգնվելու է նաև Հայաստանի ու Թուրքիայի միջև ավիահաղորդակցությունը։
Թուրքիայի իշխանությունները Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու իրավունք տվեցին հայկական «Flyone Armenia» ավիաընկերությանը, Հայաստանի քաղավիացիան էլ նույն ուղղությամբ չվերթեր իրականացնելու թույլտվություն տվեց թուրքական «Pegasus» ավիաընկերությանը։