ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորման և խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը:
«Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել առկա հումանիտար խնդիրների լուծման, երկու երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, ՀՀ-ԱՀ սահամանագոտում լարվածության նվազեցման և սահմանազատման, Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների ելումուտի, ինչպես նաև հարցերի լայն շրջանակի վերաբերյալ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 14–ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ քննարկելու Հարավային Կովկասում իրավիճակը և երկու երկրների հետ ԵԽ հարաբերությունների հետագա զարգացման ուղիները:
Հանդիպումից հետո Փաշինյանը Facebook–ում հայտնեց բրյուսելյան հանդիպման արդյունքը` երկաթուղին կվերագործարկվի և կգործի սահմանային ու մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն։ Դեկտեմբերի 15-ին էլ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ: