ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Այս շարունակվող ընթացքը Հայաստանի համար անտանելի է, և հայ ժողովուրդը պետք է քայլեր կատարի այս ամենի առաջն առնելու համար։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց անկախ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը` անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին։
«Մենք պայքարում էինք անկախ դատական համակարգ ունենալու համար, սակայն հիմա դատավորներից մեկը կարող է քաղբանտարկյալ դառնալ, քանի որ թույլ չի տվել, որ մեկ ուրիշը քաղբանտարկյալ դառնա։ Այս ամենը բումերանգի նման հարվածելու է ոչ միայն ինձ ու ձեզ, այլ նաև նրան ու նրա քաղաքական թիմին»,–ասաց Հովհաննիսյանը։
Նախկին պաշտոնյայի խոսքով` հայ ժողովուրդը պետք է որոշի, թե իր արժանապատվության բաժակը երբ կլցվի, ոտքի կանգնելը յուրաքանչյուր սերունդ յուրովի է ընկալում։ Հովհաննիսյանը հավելեց, որ վարչապետը և ներկայիս իշխանությունը պետք է փոխվեն, քանի որ ամեն ինչ միանձնյա է որոշվում։
«Ոչ մեկը ռիսկ չունի վարչապետին հակաճառելու։ Կարծում եմ` մտնում ենք ճակատագրական շրջան, ուստի պետք է նոր ձևով ոտքի կանգնենք. սեղանին ՀՀ ինքնիշխանությունն է դրված»,–ասաց Հովհաննիսյանը։
Նրա կարծիքով` շատ ավելի լավ կլիներ, որ գործող իշխանությունը Ռուսաստանի, Իրանի, Միջին Արևելքի հետ շփումներում ավելի նախաձեռնող լիներ։ Իսկ այն, ինչ արվում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ, Հայաստանը դեպի փակուղի է տանում։