ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Լիակատար և համընդհանուր լռության պայմաններում Ադրբեջանը շարունակում է հայկական ժառանգության մշակութային ցեղասպանություն իրականացնել Արցախում։ Twitter-ի իր էջում այդ մասին գրել է ֆրանսիական խոշորագույն թերթերից մեկի՝ Le Figaro-ի գլխավոր խմբագրի տեղակալ Ժան-Քրիստոֆ Բյուրիսոնը։
«Դրան ոչ ոք չի արձագանքում, այդ թվում՝ Ֆրանսիայի կառավարությունն ու ՅՈւՆԵՍԿՕ-ն, իսկ Եվրամիությունը գոհունակությամբ հայտարարում է Բաքվի հետ էներգետիկ գործընկերության մասին»,– ավելացրել է նա՝ կցելով ԵՄ եվրոպական քաղաքականության և հարևանության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարխելիի վերջին գրառումներից մեկը։
Փետրվարի 3-ին Բաքու այցելած Վարխելին հայտարարել էր, որ «լավ հանդիպում» է ունեցել Հիքմեթ Հաջիևի (Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի վարիչի) հետ: Հարավային գազային միջանցքի վերաբերյալ խորհրդատվական խորհրդի նիստից առաջ կողմերը զրուցել են ԵՄ-ի և Ադրբեջանի էներգետիկ գործընկերության մասին, քննարկել են «էներգետիկ անվտանգության կարևորությունը» և ԵՄ աջակցության հնարավորությունները։
Այնուհետև Բյուրիսոնը հղում է արել ադրբեջանական պարբերականներից մեկին, որը հայտնում է` Ադրբեջանը «աշխատանքային խումբ» է ստեղծում Ղարաբաղում այսպես կոչված «ալբանական ժառանգությունը» վերականգնելու համար։
«Ադրբեջանն ուզում է ոչնչացնել հայկական մշակույթի հետքն Արցախում (Լեռնային Ղարաբաղում)՝ ալբանական ուրվականային մշակույթի վերականգնման պատրվակով, որը իբր ջնջել են հայերը։ Ծրագրված մշակութային ցեղասպանություն է»,-գրել է նա։
Բյուրիսոնը շեշտել է, որ Ադրբեջանը նույնն արել է 20 տարի առաջ Ջուղայում (Նախիջևան), որտեղ 3000 միջնադարյան խաչքար է լիովին ոչնչացրել։
Նշենք, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների միջազգային դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 7-ի իր որոշման մեջ Ադրբեջանից պահանջել է ապահովել Արցախի տարածքում հայկական մշակութային և կրոնական հուշարձանների պահպանությունն ու ապահովել դրանց հասանելիությունը հայերի համար։
Արցախի իշխանությունները մանրամասն տվյալներ են հավաքել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանների ոչնչացման մասին և այդ տվյալները փոխանցել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։