ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Երևանում կանխվել է կանաչ գոտու հաշվին մայթն ընդլայնելու հերթական փորձը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նշվում է, որ «Կասկադ շուզ» խանութ սրահի սեփականատերն ապօրինաբար բետոնապատել է մայրաքաղաքի Թամանյան 1 հասցեին հարակից կանաչ գոտին՝ առկա ծառերով ու թփերով:
«Մտադրության հավանական նպատակը կանաչ գոտու հաշվին մայթի տարածքն ընդլայնելն է եղել: Փաստն արձանագրելուց անմիջապես հետո միջոցներ են ձեռնարկվել տարածքն ազատելու և նախկին տեսքի բերելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիները ոչնչացնելու,վնասելու կամ օգտագործման կանոնները խախտելու համար օրինախախտը ենթարկվում է վարչական պատասխանատվության:
Ներկայում քաղաքապետարանի կողմից այդ ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան քայլեր: