ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Կրեմլում դեռ չեն կողմնորոշվել, թե կոնկրետ որ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Թուրքիա։ Այսօր լրագրողներին հայտնել Է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, դեռ հասկանալի չէ», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ հնարավոր է` Պուտինը Թուրքիա այցելի Պեկինի օլիմպիադայի բացման արարողությանը մասնակցելուց հետո: Պեսկովն էլ նշել էր, որ Պուտինը կօգտվի Էրդողանի՝ Թուրքիա այցելելու հրավերից, հենց որ թույլ տան համաճարակաբանական իրադրությունն ու ժամանակացույցը։
Ուկրաինա կատարած այցից հետո այսօր հայրենիք վերադառնալով` Թուրքիայի նախագահ Էրդողանը լրագրողներին ասել է, որ Անկարան դրական արձագանք է ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Չինաստան կատարած այցից հետո Թուրքիա գալու հրավերին։ Նա նշել է, որ այս փուլում որոշվում է օրը։