ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Բորիս Բախշիյանի փաստաբանների՝ դատավոր Դավիթ Արղամանյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։
Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին Երևանի առաջին ատյանի դատարանի Աջափնյակի նստավայրում քննվում էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի խափանման միջոցի հարց։ Մոտ երեք ժամ տևած դատական նիստից հետո դատավոր Դավիթ Արղամանյանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ քննարկելու իրեն հայտնած ինքնաբացարկը։
Պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ դատավորները գործերին պետք է մակագրվեն պատահականության սկզբունքով, սակայն ակնհայտ է, որ այս գործը հատուկ մակագրվել է Արղամանյանին։
Ավելի վաղ ԲԴԽ-ն բավարարել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները։
Բորիս Բախշիյանը «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) գործը քննող դատավորն էր։ Նրա որոշմամբ Մինասյանը կալանքից ազատվեց հունվարի 26-ին։
Դատավորի դեմ քրեական հետապնդում իրականացնելու գործընթաց է սկսվել` ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասի (անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք) հատկանիշներով հարուցված քրգործի շրջանակներում։