Չարչյանի գործով նիստը հետաձգվեց. պաշտպանը միջնորդեց, որ պրոֆեսորի հեռախոսը վերադարձնեն

Արմեն Չարչյանի դեմ հարուցված քրգործով դատախազը ներկա չէր այսօրվա նիստին` շփոթմունք էր տեղի ունեցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ գործով դատախազը ներկա չէր նիստին։
Նշենք, որ նիստն ընթանում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ։
Դատական նիստերի քարտուղարը հայտնեց` գործով դատախազը չի ներկայացել նիստի, քանի որ կարծել է` այն պետք է հետաձգվի։ Չարչյանի պաշտպանական կողմն էր մինչ այս ուզել հետաձգել նիստը, սակայն հետո որոշել էր, որ կարող են մասնակցել նիստին` դատախազի մոտ էլ շփոթություն է առաջացել։
«Դատախազի բացակայության պայմաններում նիստը շարունակվել չի կարող և այն պետք է հետաձգվի։ Հաջորդ դատական նիստը կնշանակվի կողմերի հետ խոսելուց հետո` դատական նիստերի անհարկի հետաձգումներից խուսափելու համար»,–ասաց դատավոր Միսակյանը։
Միաժամանակ, Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց, որպեսզի Չարչյանի բջջային հեռախոսը, որը 2021-ին առգրավվել էին, երբ Չարչյանը կալանավորվել էր, վերադարձնեն։ Այն, ըստ Ալեքսանյանի, իրեղեն ապացույց չի համարվում, քրգործում որևէ նշանակություն չունի։ Ի պատասխան դատավոր նշեց, որ խնդիր չի տեսնում հեռախոսը վերադարձնելու մեջ, սակայն նյութերը հետազոտելուց հետո 1 օրվա ընթացքում գրավոր կներկայացնի պատասխանը։
Չարչյանի ախտորոշումը հաստատվել է. իրավունք չունեին նրան կալանքի տակ պահել
Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ միջոցներ են ձեռնարկվելու, որպեսզի Չարչյանի գործով դատավոր Ռուբեն Մխիթարյանը, որի որոշմամբ 5 ամիս պրոֆեսորն ապօրինի կալանքի տակ է եղել, պատասխանատվության ենթարկվի։
Հիշեցնենք, որ պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը մեղադրվում է ընտրակաշառք բաժանելու և ընտրողներին ճնշելու մեջ: