ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել` քննարկելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` Սահմանադրության փոփոխությունները, տեղեկանում ենք Արցախի ԱԺ կայքից։
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը, որից հետո նախագիծը քվեարկության է դրվել։ 24 կողմ, 2 ձեռնպահ ձայների համամասնությամբ օրենքում փոփոխոթւյուննընդունվել է։
Նշվում է նաև, որ ԱԺ նախագահը 1 շաբաթվա ընթացքում պետք է հրապարակի Սահմանադրության փոփոխությունները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով է ստեղծել։ Հանձնաժողովի ղեկավար է նշանակվել կառավարությանն առընթեր վարչության պետ Արայիկ Լազարյանը։ Եռամսյա ժամկետում հանձնաժողովը պետք է Հարությունյանին ներկայացնի սահմանադրական բարեփոխումների մշակված հայեցակարգը։
Ըստ ԶԼՄ–ների` Հարությունյանը սահմանադրական փոփոխություններով ցանկանում է իշխանության մեջ ներգրավել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների։ Ենթադրվում է, որ վարչապետի պաշտոնը կզբաղեցնի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։
Նշենք, որ Արցախի Սահմանադրությունն ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 10-ին հանրաքվեով։