Ադրբեջանում վաղուց չեմ եղել. ընդդիմությունն առաջարկում է փոխել դրոշի մասին օրենքը

Աղվան Վարդանյան
Աղվան Վարդանյանը խոստացավ դրոշ բերել ու տեղադրել հանձնաժողովի նիստերի դահլիճում։ Հանձնաժողովի նախագահը ողջունեց ընդդիմադիր գործընկերոջ գաղափարը, խոստացավ շտկել բացը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն առաջարկում է կրթական, մշակութային, մարզական, պետության ու համայնքի կողմից հիմնված բոլոր հաստատություններում ՀՀ պետական դրոշի գործածությունը դարձնել պարտադիր։
Ընդդիմադիր պատգամավորն այս օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալիս, ինչպես ինքն ասաց, միջազգային, հատկապես հարևան երկրների փորձն ուսումնասիրելով։

«Պետական խորհրդանիշներից դրոշն ամենատարածվածն է, և մենք ականատես ենք, որ մեր հարևան երկրներում` Վրաստանում, Թուրքիայում, Հունաստանում, Ադրբեջանում շատ վաղուց եմ եղել, չգիտեմ` ինչպես է, չեմ խոսում ԱՄՆ–ի մասին, երբ յուրաքանչյուր քայլափոխի տվյալ պետության դրոշն է։ Սա հանրության ու հատկապես երեխաների շրջանում պետության, պետական խորհրդանիշների հանդեպ հարգանքի վկայությունն է»,– ասաց Վարդանյանը` ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում իր հեղինակած օրենսդրական նախագիծը ներկայացնելիս։

Հեղինակն առաջարկում է նաև «ՀՀ պետական դրոշի մասին» օրենքով սահմանել ՀՀ երեք պետական տոների` Սահմանադրության, Հանրապետության ու Անկախության օրերի ժամանակ հանրային վայրերին հարող շենքերի վրա պետական դրոշի տեղադրման կարգը և այդ կարգը խախտելու համար սահմանել վարչական պատասխանատվություն։
Աղվան Վարդանյանը շեշտեց, որ «ՀՀ պետական դրոշի մասին» օրենքով այսօր էլ սահմանված են դրոշի գործածության կարգավորումներ, սակայն դրանք խախտելու համար որևէ պատասխանատվություն չի նախատեսված։
Ընդդիմությունը որոշել է որևէ կերպ չմասնակցել ՀՀ նախագահի ընտրությանը. հայտարարություն
Բացն ուղղելու համար պատգամավորն առաջարկում է «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում սահմանել տուգանք` շարքային քաղաքացիների ու իրավաբանական անձանց նկատմամբ՝ 30-50, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 70-100 հազար դրամի չափով։
Հանձնաժողովի նախագահ, ՔՊ անդամ Վլադիմիր Վարդանյանը ողջունեց ընդդիմադիր գործընկերոջ առաջարկը, բայց առաջարկեց որոշ հստակեցումներ կատարել նախագծում։ Օրինակ` Վարդանյանի կարծիքով «հանրային վայրերին հարող շենքեր» ձևակերպումը հետագայում կարող է տարընթերցումների առիթ դառնալ։ Բացի այդ, Վարդանյանն առաջարկեց նույն կարգավորումները սահմանել ոչ միայն դրոշի, այլև պետական մյուս խորհրդանիշների համար։
Վլադիմիր Վարդանյան
Աղվան Վարդանյանը համաձայնեց Վլադիմիր Վարդանյանի` նախագծի վրա համատեղ աշխատելու առաջարկին` պայմանով, որ նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվի։
«Առաջինից երկրորդ ընթերցում ես պատրաստ եմ սիրահոժար քննարկել բոլոր խելամիտ, ողջամիտ, ճշգրտող առաջարկությունները»,– ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Մինչ վերջնական որոշում կայացնելը հանձնաժողովի նախագահն առաջարկեց 5 րոպե ընդմիջում անել։
Ընդմիջումից վերադառնալով` Աղվան Վարդանյանը հայտնեց, որ հանձնաժողովի նախագահի հետ այդ ընթացքում քննարկել են հարցը, ապա նկատեց. «Մենք հիմա հանձնաժողովի նախագահի սենյակում էինք, որտեղ պետական դրոշ կար։ Կարծում եմ` նաև հանձնաժողովի նիստերի դահլիճում, որտեղ լրատվամիջոցներն են ներկա, ևս պետք է դրոշ լինի դրված»։
Վարդանյանը խոստացավ դրոշ բերել ու տեղադրել դահլիճում։
Հանձնաժողովի նախագահը ողջունեց ընդդիմադիր գործընկերոջ գաղափարը, խոստացավ շտկել բացը։ Այս դրական պայմանավորվածությունների ֆոնին Աղվան Վարդանյանի ներկայացրած նախագիծը դրական եզրակացության արժանացավ` այն հետագայում համատեղ լրամշակելու պայմանով։
Հայտնի է` որտեղ կաշխատի Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակը