ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը, ի պատասխան RT DE հեռուստաալիքի հեռարձակման դադարեցման, փակում է ՌԴ-ում Deutsche Welle-ի թղթակցային կետը և չեղյալ հայտարարում ռուսական բյուրոյի բոլոր աշխատակիցների հավատարմագրումը, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ն։
«Փետրվարի 2-ին հայտարարված պատասխան միջոցառումների շրջանակում գերմանալեզու RT DE հեռուստաալիքի արբանյակային և այլ հեռարձակումների արգելման ուղղությամբ ԳԴՀ-ի ոչ բարեկամական գործողություններին արձագանքելու կարգով ռուսական կողմը որոշել է իրականացնել պատասխան միջոցների առաջին փուլը՝ Ռուսաստանի Դաշնությունում Գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թղթակցային կետի փակումը»,-ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ԵԱՀԿ-ն շարունակում է լռել RT DE-ի հեռարձակումն արգելելու Գերմանիայի որոշման թեմայով. ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրուն դրանում հետաքրքրության արժանի ոչինչ չի տեսնում:
Հիշեցնենք` Գերմանիայի մեդիակարգավորիչների գրանցման և վերահսկողության հանձնաժողովը փետրվարի 1-ին պաշտոնապես արգելել է RT DE հեռուստաալիքի հեռարձակումը Գերմանիայում՝ հայտարարելով, որ հեռարձակման կազմակերպիչներն անհրաժեշտ թույլտվություն չունեն։ RT-ն իր հերթին հայտարարել է, որ RT DE Productions-ը գերմանական կարգավորիչի որոշումը կբողոքարկի դատարանում:
ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ ձեռնամուխ են լինում պատասխան միջոցների իրականացմանը՝ Ռուսաստանում հավատարմագրված գերմանական ԶԼՄ-ների, ինչպես նաև ինտերնետ–միջնորդների նկատմամբ, որոնք կամայականորեն և անհիմն կերպով հեռացրել են հեռուստաալիքի հաշիվները իրենց հարթակներից: