ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ անդրադարձել է ԼՂ հիմնահարցին, տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։
Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Շալենբերգն անդրադարձել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Մասնավորապես, կողմերն անդրադարձել են ԼՂ հակամարտությանը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերսկսման ու համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:
«Այդ առումով, կարևորվել է ՄԽ համանախագահների տարածաշրջան նախատեսվող այցի իրականացումը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հնարավորություններին, և դրանց համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը վերաբերող հարցեր:
Հիշեցնենք` Ավստրիայի Հանրապետության եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը Հայաստան է եկել աշխատանքային այցով։ Երեկ կայացել էր նրա և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը։