ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ։ Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, պարապմունքները կայացել են փետրվարի 2-ից 3-ը։
Պարապմունքների ընթացքում ստուգվել և կատարելագործվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։
Զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի օդային հետախուզական ու հարվածային միջոցների հայտնաբերման և կոորդինատների ճշգրտման գործողություններ։
N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները այսօր նաև անցկացրել են ուսումնական վարժանքներ։ Խաղարկվել են պայմանական մարտական իրավիճակում հակառակորդի թիկունք ներթափանցման և կարևորագույն օբյեկտների ոչնչացման, վիրավոր ծառայակիցների տարհանման գործողություններ։
Հրամանատարությունը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստության մակարդակն ու ներդաշնակման կարողությունները։