ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Կորոնավիրուսի բուժմանն ուղղված ծախսերը շարունակում են աճել։ ՀՀ կառավարությունն այսօր հերթական հատկացումն է արել կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրում ներառված բուժհիմնարկների ծախսերը փոխհատուցելու համար։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», Սպիտակի ու Կապանի բժշկական կենտրոններին ու Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին կառավարության որոշմամբ այսօր հատկացվել է լրացուցիչ 2 մլրդ 150 մլն դրամ` կառավարության պահուստային ֆոնդից։ Այս գումարը նախապես հաշվարկված չի եղել 2022թ-ի պետական բյուջեով։
«Հանրապետության տարածքում ներկայում առկա իրավիճակով պայմանավորված կորոնավիրուսային վարակի (COVID-19) արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման նպատակով անհրաժեշտ միջոցառուների ծախսերը պատշաճ և ժամանակին իրականացնելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել առողջապահության նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 2 150 000 000 դրամի սահմանված չափաքանակով»,– ասված է կառավարության որոշման հիմնավորման մեջ։
Հրապարակված որոշման նախագծից պարզ է դառնում, որ նշված ծախսն ուղղվելու է վերոհիշյալ ԲԿ-ների հունվար ամսվա պահպանման ծախսերին, աշխատավարձերին, կոմունալ վճարումներին, բժշկական թափոնների ոչնչացման ու այլ ընթացիկ ծախսերին, ինչպես նաև նախկին պարտքերի վճարմանը։