«Կապի մեջ ենք ծնողի հետ»․ ՄԻՊ-ն այցելել է մանկապարտեզ, որտեղ ճնշել են երեխային

Մանկապարտեզ. Արխիվային լուսանկար
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից լրագրողներին հորդորում են չշեշտել երեխայի ազգային պատկանելությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ` ՄԻՊ աշխատակազմի Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցներն այցելել են Երևանի մանկապարտեզ, որում, ըստ հրապարակումների, երեխայի նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքեր են եղել։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Facebook-յան էջից։
Նշվում է, որ ՄԻՊ աշխատակիցներն առանձնազրույցներ են ունեցել մանկապարտեզի աշխատողների և տնօրինության հետ: Օրվա ընթացքում նախաձեռնվել են բազմակողմանի մասնագիտական քննարկումներ Երևանի քաղաքապետարանի հետ: Պաշտպանի աշխատակազմը նաև կապի մեջ է երեխայի ծնողի հետ:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից լրագրողներին հորդորում են չշեշտել երեխայի ազգային պատկանելությունը։

«Երեխայի մասին տվյալներ լուսաբանելիս հատուկ ուշադրություն պետք է դարձվի յուրաքանչյուր երեխայի անձնական կյանքի գաղտնիությանը: Եթե նպատակն է ցույց տալ, որ առկա է խտրականություն ազգային պատկանելիության հիմքով, ապա առավելագույնը կարելի է նշել, որ խոսքն ազգային փոքրամասնության ներկայացուցչի մասին է», - ասված է հաղորդագրության մեջ։

ՄԻՊ-ը նաև գրություններ է նախապատրաստվել ուղղված Երևանի քաղաքապետարանին և ոստիկանությանը:
Հիշեցնենք՝ ոստիկանությունը հայտնել էր, որ անչափահաս աղջիկ Է. Ու․-ն հաճախել է Երևան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն և դաստիարակներ Ի. Ա-ն և Ա. Կ.-ն խմբի երեխաների միջոցով պարբերաբար խոշտանգումների են ենթարկել փոքրիկին: Հարուցված է քրեական գործ։
Նշենք, որ համաձայն լրատվամիջոցների տեղեկությունների՝ խոսքը Նորքի թիվ 124 մանկապարտեզի մասին է։