ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այժմ Առաջին ատյանի դատարանի բակում է, որտեղ հավաքվել են մի քանի տասնյակ մարդիկ։ Նրանք բոլորը աջակցում են դատավոր Բորիս Բախշիյանին, որի լիազորությունները դադարեցվել են ԲԴԽ որոշմամբ, իսկ Առաջին ատյանի դատարանն այժմ քննում է նրա խափանման միջոցի հարցը։
«Գործող իշխանությունները բռնաբարում են արդարադատությունը և իրավական դաշտը։ Հայաստանը հստակ քայլերով դառնում է բռնապետություն, երկրում կան բազմաթիվ խնդիրներ, բայց իշխանությունները բացառապես քայլեր են ձեռնարկում միայն իրենց իշխանությունն ամրապնդելու ուղղությամբ», - ասաց Վանեցյանը։
Նրա խոսքով՝ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամները, որոնք գտնվում են դատարանի բակում, չեն եկել պաշտպանելու կոնկրետ դատավոր Բախշիյանին, նրանք եկել են պաշտպանելու արդարադատությանը։
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն բավարարել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները։
Բորիս Բախշիյանը «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) գործը քննող դատավորն էր։ Նրա որոշմամբ Մինասյանը կալանքից ազատվեց հունվարի 26-ին։
Դատավորի դեմ քրեական հետապնդում իրականացնելու գործընթաց է սկսվել` ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասի (անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք) հատկանիշներով հարուցված քրգործի շրջանակներում։