ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն աննախադեպ են համարում դատավորի կայացրած դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու փոխարեն վերջինիս քրեական հետապնդման ենթարկելը։
Խորհրդարանական ընդդիմադիր ուժերի` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի հետապնդման մասին համատեղ հայտարարությունը տարածել է «Հայաստան» դաշինքը։
Նշում են, որ Հայաստանում գործադիր իշխանությունը հերթական հարձակումն է նախաձեռնել դատարանների անկախության նկատմամբ: Նրանք միջազգային կառույցների ուշադրությունն են հրավիրում ՀՀ-ում ժողովրդավարության տապալման փատերին ու պահանջում են նաև արձագանքել այդ ամենին, ինչպես նաև գիտակցել իրենց պատասխանատվության բաժինը։
«Նշվածը ստեղծելու է մի իրավիճակ, երբ դատական համակարգն այլևս վերածվելու է իրավապահների կախյալ գործիքի: Այս ապօրինությունների շղթան տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի միաձայն աջակցությամբ և միջազգային հանրության, Հայաստանում հավատարմագրված դեսպանների լռության ներքո»,- ընդգծել են խմբակցությունները:
Հայտարարության մեջ շեշտվում է, որ վերջին 4 տարվա ընթացքում դատական համակարգի նկատմամբ գործադիրը բազմաթիվ խայտառակ հարձակումներ է իրականացրել, իշխանությունների համար անցանկալի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ կիրառել, քրեական հետապնդումներ իրականացրել, այժմ էլ դատավորին ապօրինի կալանավորելու գործընթաց է սկիզբ առել:
«Դատական իշխանության նկատմամբ իրականացվող հարձակումները և իրավական ամենաթողությունը հասել են աննախադեպ ծավալների։ Այս մասին են վկայում Վարչական դատարանի, Դատավորների միության նախագահի և մասնագիտական հանրույթի հրապարակային կերպով արտահայտած մտահոգությունները»,- ասված է հայտարարության մեջ։
Նրանք կոչ են արել բոլոր առողջ քաղաքական և հասարակական ուժերին, փաստաբանական համայնքին լծվել դատական իշխանությանը և դատավորներին իշխանական հարձակումներից պաշտպանելու գործին, ինչպես նաև դատական իշխանության մարմիններին ու դատավորներին էլ անմասն չմնալ իրենց գործընկերների նկատմամբ կիրառվող բռնաճնշումների վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտելուց:
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի որոշմամբ կասեցվել են դատավոր Բորիս Բաշխիյանի լիազորությունները՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը։
Փետրվարի 1-ին էլ ԲԴԽ-ն բավարարել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները։
Բորիս Բախշիյանը «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) գործը քննող դատավորն է։ Նրա որոշմամբ Մինասյանը կալանքից ազատվեց հունվարի 26-ին։ Դատավորի դեմ քրեական հետապնդում իրականացնելու գործընթաց է սկսվել` ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասի (անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք) հատկանիշներով հարուցված քրգործի շրջանակներում։